Արարատ Միրզոյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևին:
«Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նախարար Միրզոյանը հայկական կողմի աջակցությունն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններին, որտեղ ընդգծված է հանրահայտ սկզբունքների և տարրերի հիման վրա հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։
Արարատ Միրզոյանը շեշտել է առաջնահերթ հումանիտար խնդիրների հասցեագրման հրատապությունը։ Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։