«Ո՛չ մեդալ ստանալու համար եմ արել, ո՛չ էլ իրենց համար, այս երկիրն իմ երկիրն է, ոչ թե իրենց». Տարոն Տոնոյանին չեն հրավիրել պարգևատրման արարողությանը

Սեպտեմբերի 2-ին ՊՆ վարչական համալիրում տեղի էր ունեցել արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած բժիշկների պարգևատրման արարողություն, որին ներկա էին եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, առողջապահական ոլորտի պատասխանատուներ։

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանով, գերատեսչական մեդալներով են պարգևատրվել պատերազմի ընթացքում բազմաթիվ զինծառայողների և կամավորների կյանքեր փրկած բուժաշխատողներ։

168.amը բժիշկ-ազատամարտիկ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանից հետաքրքրվեց՝ արդյոք Պաշտպանության նախարարից մեդալ ստացե՞լ է, քանի որ 44-օրյա պատերազմի սկզբից մինչև վերջ եղել է մարտի դաշտում և օգնություն է ցուցաբերել զինվորներին։

«Ես հրավեր չեմ ստացել, առաջին անգամ այդ մասին ձեզանից եմ լսում։ Հավաբանար հաշվի են առել այն հանգամանքը, որ նախորդ անգամ հրապարակավ հրաժարվել եմ ՀՀ նախագահի հրավերից, երևի սա են հաշվի առել՝ չգիտեմ»,- նշեց Տարոն Տոնոյանը։

Նա դժվարացավ ասել՝ արդյո՞ք հրավեր չստանալու պատճառներից է այն, որ ինքը հրապարակավ քննադատել է  գործող իշխանությունների գործունեությունը։

«Եթե այդ հանգամանքն են հաշվի առել, ուրեմն ամո՛թ իրենց, այդ ամենն իրենցից հեռու չէ։ Այն, ինչ արել եմ, ո՛չ մեդալ ստանալու համար եմ արել, ո՛չ էլ իրենց համար, այս երկիրն իմ երկիրն է, ոչ թե իրենց»,- հավելեց Տարոն Տոնոյանը։

168.am-ը ՊՆ-ից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Տարոն Տոնոյանին չեն հրավիրել։

«Պաշտպանություն նախարարությունը չէ ցուցակ կազմողն ու հրավեր ուղարկողը, առողջապահական համակարգն է այդ ցուցակը կազմում և ուղարկում, ըստ այդմ էլ ՊՆ-ն իրականացնում է։

Տարոն Տոնոյանին նախկինում ավելի բարձր պարգևի էին ներկայացրել՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ Նրա վաստակը գնահատվել է շատ ավելի բարձր, սակայն նա հրաժարվել էր գնալ նախագահական և ստանալ պարգևը։ Այսինքն՝ Տարոն Տոնոյանի ավանդն ավելի բարձր է գնահատվել, որովհետև նա առաջնագծում է եղել»,- նշեցին ՊՆ լրատվական բաժնից։

168.am-ը դիմեց նաև Առողջապահության նախարարի խոսնակին, ով տեղեկացրեց, որ պետք է Պաշտպանության նախարարությունից ճշտենք, թե ինչու Տարոն Տոնոյանին հրավեր չի եղել։

«Իրենք են հրավիրել, իրենք են պարգևատրել»,- տեղեկացրեց Առողջապահության նախարարի խոսնակը։

Նշենք, Տարոն Տոնոյանը, ինչպես Արցախի առաջին ազատամարտին, այնպես էլ 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում եղել է պատերազմի դաշտում։

Տեսանյութեր

Լրահոս