Արթուր Ղազինյանի պատկառելի ունեցվածքը որտեղից է կուտակվել. Անդրանիկ Քոչարյան

«Հայաստան» դաշինքը կրկին ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու է առաջադրել Արթուր Ղազինյանին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին մեկուկես ժամ տևած քննարկումից հետո Արթուր Ղազինանին ընտրելու հարցը դրվեց քվեարկության․ 4 կողմ, 6 դեմ ձայնով նա չընտրվեց:

Հանձնաժողովի փոխնախագահի թափուր աթոռի համար նոր թեկնածու ներկայացնելու համար «Հայաստան» դաշինքը 5 օր ժամանակ ուներ:

Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր ասաց, որ շարունակում են պնդել, որ հենց այս հանձնաժողովում պետք է շատ կարևորագույն հարցերի պատասխաններ տրվեն, և միջանձնային հարաբերությունները չեն կարող ստվերել խնդիրների լուծման հրամայականը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ի պատասխան Մինասյանի՝ նշեց, որ մինչ այս հանձնաժողովն իր առջև դրված խնդիրները կատարել է արժանապատվորեն և չի քաղաքականացրել երկրի առջև կանգնած մարտահրավերները։

«Գուցե դա էր պատճառը, որ քվեարկությամբ արդեն իսկ մեր վերաբերմունքը ցույց ենք տվել»,- ասաց Քոչարյանը։

Այնուհետ Արթուր Ղազինյանի կենսագրության ներկայացումից հետո ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Արծվիկ Մինասյանին հարց ուղղեց՝ Արթուր Ղազինյանի հայտարարագրում պատկառելի ունեցվածք է նշված, ներկայացված կենսագրության պարագայում հնարավոր չէր բիզնես աշխարհում նման կարողություն կուտակել, ի՞նչ աղբյուրներից է գոյացել այդպիսի կարողություն, և արդյո՞ք «Հայաստան» խմբակցությունում այդ հարցը քննարկվել է:

Ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրավունքի և օրենքի գերակայության պայմաններում յուրաքանչյուր պետական մարմին պարտավոր է կատարել այն գործառույթները, որի համար լիազորված է օրենքով:

«Պաշտոնատար անձանց հայտարարագրում արտացոլված տեղեկատվության հավաստիության, դրանց բոլորի աղբյուրների վերաբերյալ ստուգման իրավասությունը պատկանում է համապատասխան պետական մարմնին, որը ո՛չ այս հանձնաժողովն է, ո՛չ էլ ԱԺ-ն»,- շեշտեց Մինասյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս