Հռոմում G20-ի առողջապահության նախարարների հանդիպմանը նախապատրաստվում է պատվաստումների մասին «Հռոմի համաձայնագիրը»
Ամբողջ աշխարհում պատվաստումներին նպաստելու պարտավորության մասին փաստաթուղթը ստորագրվելու է Քսանյակի խմբի (G20) երկրների առողջապահության նախարարների հանդիպմանը, որը մեկնարկում է կիրակի՝ Իտալիայի մայրաքաղաքում: Այս մասին Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում հայտնել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան:
«Մենք պլանավորում ենք ստորագրել «Հռոմի համաձայնագիրը»՝ ամբողջ աշխարհում պատվաստումների ապահովման համար», – հայտնել է նախարարը: Նա ճշտել է, որ «առավել հարուստ ու բարեկեցիկ պետություններն իրենց վրա են վերցնում բոլոր երկրներում պատվաստումային արշավն ընդլայնելու պատասխանատվությունը»: «Ոչ ոք չի կարող միայնակ փրկվել համավարակից, ու պատվաստումները մեր ընդհանուր զենքն են»,- հավելել է նախարարը: