Լույս է տեսել իրաքցի պատմաբանի բացառիկ աշխատությունը Հայաստանի մասին
Իրաքում լույս է տեսել իրաքցի պատմաբան, դոկտոր, պրոֆեսոր Ջուադ Ք. Էլ-Բեյդանիի «Հայաստանն Արաբական եւ Իսլամական աղբյուրներում» վերտառությամբ գիրքը:
Հեղինակը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց՝ գրքում տեղ են գտել իր՝ երկար տարիների գիտական ուսումնասիրությունները:
Իսկ գրքի նախաբանում Ջուադ Ք. Էլ -Բեյդանին տեղեկացնում է, որ այդ աշխատության մեջ ներառել է Հայաստանի մասին պատմող կարևորագույն աշխատությունների մատենագիտական մանրամասնություններ, որոնք նաեւ կօգնեն այլ հետազոտողների պարզել, թե ինչ են գրել տարբեր ժամանակաշրջանների արաբ հեղինակները հայ ժողովրդի պատմության մասին:
Հիշեցնենք՝ դոկտոր, պրոֆեսոր Ջուադ Էլ-Բեյդանին 2019 թվականի հոկտեմբերին այցելել էր Արցախ և Հայաստան:
Հոկտեմբերի 10-14-ն Արցախում կայացել էր «Համագործակցություն՝ հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողով, որի նպատակն էր՝ ընդլայնել և ամրապնդել Արցախի Հանրապետության համագործակցությունն օտարերկրյա պետությունների տարբեր շրջանների և քաղաքների հետ, ինչպես նաև ստեղծել Արցախին աջակցող սուբյեկտներին, քաղաքական և հասարակական գործիչներին միավորող ցանց։
Համաժողովին մասնակցում էին տարբեր երկրներում գործող՝ Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբերի և շրջանակների, ինչպես նաև քաղաքական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, պատվիրակություններ:
168.am-ն առիթ էր ունեցել Երեւանում հանդիպելու Իրաքյան պատվիրակության անդամների հետ:
Դեռ այդ ժամանակ Ջուադ Ք. Էլ-Բեյդանին մեզ հետ բացառիկ հարցազրույցում խոսել էր հայերի, Արցախյան հիմնախնդրի, Հայոց ցեղասպանության և տարածաշրջանային հարցերի շուրջ:
«Մենք Արցախի Հանրապետության կողքին ենք՝ փաստելով ամբողջ աշխարհին, որ Արցախը մենակ չէ: Ես զինվոր չեմ, որ զենք վերցնեմ ձեռքս, բայց գրչովս եմ պատերազմում, պայքարում, և գրչովս եմ պաշտպանում Արցախի ժողովրդին ու Արցախ պետությունը:
Արցախից վերադառնալուց հետո ասում էի՝ ինչ պետք է գրեմ Արցախի մասին՝ մտադիր եմ մի քանի թերթերում հրապարակումեր անել: Շատ տեղերում եմ եղել, բայց նման տպավորություններով չեմ վերադարձել: Թաքուն սեր կա իմ և այս կողմերի միջև:
Այն ջուրը, որ մենք խմում ենք, հայկական է, որովհետև Իրաքում Տիգրիս և Եփրատ գետերն են հոսում, որի բնական աղբյուրները պատմական Հայաստանից են բխում, և պատմությունն ասում է, որ Հայկ Նահապետը ծնվել էր Բաբելոնում»,- նշել էր պատմաբանը: