Ո՞վքեր են հրեշտակները
Ո՞վքեր են հրեշտակները: Այս հարցը թերևս բոլոր ժամանակներում եղել է մարդկանց ամենից հետաքրքրող հարցերից մեկը: Հրեշտակ բառը թարգմանված է հունարեն «անգել» բառից, որը նշանակում է Աստծո պատգամաբեր կամ պատվիրակ:
Սուրբ Գրքում պահպանվել է հրեշտակներին և նրանց աշխարհին նվիրված բազում հատվածներ, սակայն այնտեղ աստվածային էակների մասին խոսելիս և նկարագրելիս՝ ոչ միշտ է օգտագործվում հրեշտակ բառը:
Խոսելով հրեշտակների մասին՝ չափազանց կարևոր է իմանալ, որ նրանք ունեն միանգամայն տարբեր պաշտոններ և առաքելություն:
Այսպիսով՝ հրեշտակների ամբողջ դասը բաժանվում է երեք խմբի: Ըստ իրենց ծառայության բնույթի և Աստծո հետ մերձավորության աստիճանի՝ յուրաքանչյուր խումբ իր հերթին բաժանվում է երեք կարգի:
Բարձրագույն աստիճանակարգության մեջ ընդգրկված են սերովբեները, քերովբեները և աստվածակիր աթոռները: Միջին աստիճանակարգության մեջ ընդգրկված են տերությունները, զորությունները, իշխանությունները: Իսկ երրորդ աստիճանակարգությունը կազմում են սկիզբները, հրեշտակապետերը և հրեշտակները:
Սուրբ Գիրքը հաստատում է, որ հրեշտակներին ստեղծել է Աստված, ինչպես որ «ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդ. Ա:1):
Սակայն Սուրբ Գիրքն իր առջև նպատակ չի դրել մանրամասն նկարագրելու հրեշտակների աշխարհը: Հետևաբար՝ այդ աշխարհի վերաբերյալ մենք գրեթե ոչինչ չգիտենք կամ գիտենք այնքան, որքան հարկավոր է մեր հոգու փրկության համար: Իսկ նրանց վերաբերյալ ամբողջական պատկերացում մենք կարող ենք կազմել միայն մահից հետո, երբ կդառնանք այդ աշխարհի մի մասնիկը:
Սակայն այստեղ չափազանց կարևոր է խոսել այն մասին, թե արդյոք Աստծուն հարկավոր են հրեշտակներ, չէ՞ որ նա ինքնին Ամենակարող և Ամենազոր է, և մի՞թե այս ամենը չի սահմանափակում աստվածային ամենակարողությունը:
Պատասխանն է՝ ոչ, քանզի այս նույն տրամաբանությամբ Աստված ինքնին Ամենակարող և Ամենազոր է, և կարող էր նաև մարդկանց նույնպես չստեղծել, որովհետև «չուներ նրանց կարիքը»:
Սակայն Աստված այդուհադերձ ստեղծեց աշխարհն ու մարդկությանը, և բացի ստեղծելուց այնքան սիրեց, որ մինչև իսկ իր Միածին Որդուն ուղարկեց այս աշխարհ, որպեսզի իր վրա վերցնի մարդկության և աշխարհի ողջ մեղքը: Եվ հետևաբար՝ հրեշտակներն ու նրանց գոյությունը նույնպես պայմանավորված են այս նույն հանգամանքով: