Մենք չենք ծնվել մարտի դաշտում և կարիք չունենք այլոց դեմ անպատճառ մարտեր մղելու…
Երբ խոսում ենք հոգևոր և աշխարհիկ խաղաղությունների մասին, հաճախ նույնացնում ենք այդ երկու երևույթներն՝ ասելով, թե ոչ մի տեղ աշխարհում հնարավոր չէ խաղաղություն գտնել: Հատկապես առերեսվելով աշխարհիկ կյանքում տեղի ունեցող պատերազմներին, կոտորածներին ու անհանգստություններին՝ երբեմն կարծում ենք, թե հոգևոր կյանքում էլ նույնն է, թե խաղաղություն չկա: Մինչդեռ սխալվում ենք:
Ինքը՝ Քրիստոս, աշխարհից հեռնալուց առաջ ասաց. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս» (Հովհ. 14: 27): Սրանով Նա փաստեց, որ հոգևոր խաղաղությունը կապված չէ աշխարհի հետ, չունի նույն տեսքն, ինչ աշխարհիկ խաղաղությունն է:
Այո, որքան էլ որ զարմանալի է թվում, մարդիկ մշտապես պայքարում են խաղաղության համար: Երբեմն, սակայն, շեղվում են բուն նպատակից ու ընթացքից: Փաստ է և անտրամաբանական է այն, որ անգամ պատերազմները տարվում են՝ խաղաղության հաստատման համար: Մինչդեռ այլ է հոգևոր կյանքում. հոգևոր խաղաղության չես հասնի պատերազմի ու անհանգստության միջոցով, այլ ընդհակառակը: Խաղաղության պահպանման համար՝ մեզանից միայն պահանջվում է ականջալուր լինել Քրիստոսի խոսքին և հսկել մեր հոգևոր խաղաղությունը՝ մի երևույթ, որ որպես պարգև տվել է մեզ Տերը:
Հոգևոր խաղաղությունը մշտապես կարիք ունի պահպանման ու նորոգման: Հեշտ է ընկնել չարի ճիրանները և դառնալ ֆիզիկական ու հոգևոր պատերազմներ հրահրողներ, սակայն բարդ և միաժամանակ աստվածահաճո է խաղաղության պահապան լինելը:
Մենք չենք ծնվել մարտի դաշտում և կարիք չունենք այլոց դեմ անպատճառ մարտեր մղելու: Որպես իրական քրիստոնյաներ ՝ մեր խնդիրը զավթելը չէ, այլ ունեցածը պահպանելը: Ուրեմն՝ լծվենք մեր աստվածահաճո գործին՝ պահպանելով այն հոգևոր ժառանգությունը, որ որպես շնորհ ու պարգև թողել է մեզ խաղաղության Իշխանը՝ Քրիստոս: