Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քննարկումները պետք է ընկալել ռուս-թուրքական տիրույթում․ վերլուծաբան
Ռուսաստանը սկսում է հրապարակայնորեն դիրքավորվել հայ-թուրքական հնարավոր մերձեցման գործընթացում՝ հիմնավորելով այն կանխատեսումները, որ սա տարածաշրջանի հետպատերազմյան վերադասավորման բաղադրիչներից մեկն է և ամենևին ոչ պատահականորեն սկսված։
Հայ-ռուսական երկաստիճան պաշտոնական շփումներից, ինչպես նաև Փաշինյան-Էրդողան հեռակա մտքերի փոխանակումից հետո ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ու նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան սկսեցին ներկայացնել Ռուսաստանի դիրքորոշումը հայ-թուրքական կարգավորման հեռանկարների վերաբերյալ։
«Մենք պատրաստ ենք աջակցել երկու հարևան պետությունների մերձեցմանը։ Մենք ելնում ենք նրանից, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ մեկտեղ՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի հայտարարությունների համատեքստում, դա դրական կազդեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման համար»,- ասել է Զախարովան։
Իր հերթին՝ նախօրեին Լավրովը հիշել է Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման որոշ մանրամասներ՝ նշելով, թե ինչպիսի բացառիկ ջանքեր է ներդրել Ռուսաստանը, թեև այդ հարցում լուրջ ներդրում է ունեցել Արևմուտքը, և ինչ բարդ նախապայմաններ են առաջ քաշել կողմերը, չեն կարողացել համաձայնության գալ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարության շուրջ, և այլն։
Նրա խոսքով, միանգամայն այլ իրավիճակ է ղարաբաղյան պատերազմից հետո, և կողմերը կարող են վերսկսել հաշտեցման գործընթացը։ Լավրովը նաև ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է ամենաակտիվ կերպով աջակցել նրանց:
Վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին մեզ հետ զրույցում խոսելով հայ-թուրքական հեռանկարների մասին՝ ասաց, որ ընդհանրապես կողմ է, որպեսզի տարածաշրջանում բոլոր խնդիրները լուծվեն առանց նախապայմանների, և Հայաստանը դուրս գա շրջափակումից, մասնակցի տարածաշրջանային բոլոր պրոյեկտներին, դառնա տարանցիկ երկիր և վերանա տարածաշրջանային թշնամանքը։
Սակայն, ըստ նրա, պատերազմից հետո տարածաշրջանը վերածվել է աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմի, որտեղ Ռուսաստանը փորձել է լուծել իր խնդիրները, Արևմուտքը նույնպես փորձում է որոշ խնդիրներ լուծել, իսկ Թուրքիան գտնվում է այս ամենի մեջտեղում՝ փորձելով համագործակցություն ունենալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ։
Թուրքիայի գործոնը, վերլուծաբանի կարծիքով, էական է այս երկու ուղղությունների համար, և Ռուսաստանը ձգտում է Թուրքիայի հետ հարաբերությունները դնել մաքսիմալ անկեղծ ու ամուր հիմքի վրա, որը կամրապնդի իր դիրքերն Արևմուտքի հետ առճակատման հարցում։
«Սա նկատի առնելով՝ պետք է վերլուծել այն ամենը, ինչ կատարվում է մեր ռեգիոնում, ինչպես նաև այն, ինչ կատարվելու է Միջին Ասիայում։ Չեմ կարծում, որ իր զարգացման ներկայիս փուլում Հայաստանը կարող է արտաքին քաղաքական նման բարդ հարցերում կայացնել Ռուսաստանի հետ ընդհանրապես չքննարկված որոշումներ, քանի որ ՀՀ անվտանգային համակարգը հատկապես պատերազմից հետո կախված է Ռուսաստանից, Ռուսաստանը ունի լավ հարաբերություններ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ, ազդեցություն, ներկայություն ռեգիոնում, և սա անտեսել հնարավոր չէ։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քննարկումները պետք է ընկալել ռուս-թուրքական հարաբերությունների տիրույթում։ Ընտրություններից հետո այս հարցը քիչ-քիչ քննարկումների դաշտ է բերվում, սկսում են պաշտոնական մեկնաբանություններ այս թեմայով, և ռուսական կողմի դիրքորոշումը, որ պատրաստ է նպաստել այս ամենին։ Մտածել, որ սա հետպատերազմյան պայմանավորվածություններից անկախ գործընթաց է, չի կարելի, քանի որ ռուսական կողմն ինքը ևս նշում է այդ պայմանավորվածությունների մասին։ Առանց փակ սահմանների բացման հնարավոր չէ ճանապարհների մասին մտածել»,- ասաց վերլուծաբանը։
Վերջինիս խոսքով, Վրաստանին այս ամենում հետաքրքրում է արևմտյան շահը և այն պրոյեկտները, որոնք կամրապնդեն Հայաստանի և Վրաստանի կապն Արևմուտքի հետ։
«Վրաստանը պաշտոնապես մերժել է Էրդողանի վեցակողմ պլատֆորմը, բայց Վրաստանը ակտիվ շփումներ է ունենում Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի հետ կապուղիների հնարավորությունների շուրջ և անմասն չէ տարածաշրջանային օրակարգից։ Վրաստանը, կարծում եմ, հաշվի է առնում նաև, որ վեցակողմ պլատֆորմը դեռ կայուն գաղափար չէ, և շատ գործընթացներ են զարգանալու, դեռ շտապողականություն չկա»,- ասաց վերլուծաբանը։