Ովքեր են Փաշինյանին փոխանցում թուրքական դրական ազդակները

Մոտ մեկ շաբաթ առաջ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Թուրքիայից դրական ազդակներ կան:

«Որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, մենք այդ ազդակները կգնահատենք և այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասել էր նա:

Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ արձագանքել էր այս հայտարարությանը, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա։

«Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո այդ ուղղությամբ առաջընթացի համար նոր հնարավորություններ են ստեղծվել: Մենք արդեն հայտարարել ենք` եթե Հայաստանը դրականորեն կարձագանքի այդ հնարավորություններին, ապա մենք էլ կանենք անհրաժեշտ քայլեր»,- նշել էր նա:

Ռուսաստանից արդեն հասցրել են հավաստիացնել, որ ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը:

Իսկ թե Նիկոլ Փաշինյանը կոնկրետ ինչ ազդակներ նկատի ուներ, պաշտոնական մանրամասներ չեն հաղորդվել:

Փոխարենը «Տոգարմա» տելեգրամյան ալիքը գրել է, որ «թուրքական դրական ազդակներ Փաշինյանը և նրա կառավարությունը ստանում են հատկապես Ուկրաինայից և Քուվեյթից»:

Ըստ ալիքի՝ սրանք այն երկու կետերն են, որտեղից Երևանն ակտիվ շփման մեջ է մտնում Թուրքիայի հետ:

Ուկրաինայի դեպքում կապն ապահովում է դեսպան Վլադիմիր Կարապետյանը, որը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վառ ջատագով է:

Բանակցությունների մանրամասները հայտնի չեն, բայց մի բան հստակ է՝ այն վերաբերում է Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և հայ-թուրքական սահմանի բացմանը: Այսինքն, կողմերն ունեն շփման եզրեր:

Ինչ վերաբերում է Քուվեյթին, ապա այս դեպքում խոսքը տեղի գործարարների մասին է, այդ թվում՝ թուրքական կապիտալով և թուրքական ծագմամբ:

Հավելենք, որ Քուվեյթում ՀՀ դեսպանը Սարմեն Բաղդասարյանն է, ով 2018-ի սեպտեմբերին դեսպան է դարձել հենց Վլադիմիր Կարապետյանի հովանավորությամբ:

«Տոգարմայի» տեղեկացմամբ, ներդրումները նախատեսված են ճանապարհային և միջսահմանային ենթակառուցվածքներում, որոնք, հնարավոր է, որ ապագայում անցնեն այն վայրերով, որտեղով ապահովվելու է Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապը: Այսինքն, նշված ներդրողները հետաքրքրություն ունեն հատկապես նշված տեղանքներում և հողատարածքներում ներդրումներ անել, ինչից հետ չեն մնում նաև հայ որոշ բիզնեսմեններ, որոնք շահագրգռված են թուրքերի հետ առևտուր անել:

Նշենք, որ մոտ երկու շաբաթ է, ինչ հայաստանյան սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում, որ, մասնավորապես, Արագածոտնի մարզում արաբները հողատարածքներ են գնում, թեպետ մարզի բնակիչները կասկածներ ունեն, որ խոսքը թուրքական կապիտալի մասին է, կամ պոտենցիալ գնորդները թուրքեր են:

Ի դեպ, ադրբեջանական կայքերն արդեն սկսել են խոսել այն մասին, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել հայկական կամ Հայոց ցեղասպանության հարցից հրաժարման գնով:

 

Տեսանյութեր

Լրահոս