Արմեն Չարչյանը բժշկական կենտրոնից տեղափոխվել է ՔԿՀ. pastinfo. am
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը քիչ առաջ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում հուլիսի 21-ին նրան կալանքից ազատել էր՝ բավարարելով Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15 մլն ՀՀ դրամ։ Մեղադրող դատախազ Մարգարյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել գրավ կիրառել դատարանի որոշումը եւ կրկին կալանավորել Չարչյանին։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել էր դատախազության բողոքը, ինչից հետո Չարչյանն ինքնակամ ներկայացել էր քրեակատարողական հիմնարկ և կալանավորվել։
Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր եւ օգոստոսի 24-ին տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ քիչ առաջ Արմեն Չարչյանը քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխվել է ՔԿՀ, ինչը փաստաբանի համար տարօրինակ է, քանի որ նրա առողջական վիճակը շարունակում էր մնալ նույնը։
«Այնքանով է տարակուսանք առաջացնում, որ պարոն Չարչյանն օրական 92 միավոր ինսուլին է ստանում՝ շաքարային դիաբետով պայմանավորված, իսկ ՔԿՀ-ում նման ռեսուրս չկա՝ այդ բուժօգնությունը լիարժեք ցուցաբերելու։ Հնարավոր է՝ նրա առողջական վիճակը հետագայում վատթարանա»,- նշեց Ալեքսանյանը։
Նրա փոխանցմամբ՝ ՔԿՀ-ն ամենօրյա ռեժիմով հետաքրքրվել է, թե ինչու Չարչյանը քաղաքացիական հիվանդանոցից չի տեղափոխվում ՔԿՀ, քաղաքացիական հիվանդանոցը չդիմացավ ՔԿՀ-ի նման անուղղակի ճնշումներին, այդիսկ պատճառով ստիպված են եղել թույլատրել, որ Չարչյանին տեղափոխեն ՔԿՀ։
«Եթե պարոն Չարչյանի առողջական վիճակը վատթարանա, ՔԿՀ-ն կրկին պարտավորություն է ունենալու՝ տեղափոխելու հիվանդանոց, որ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերեն, բայց վատթարանալու դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է ՔԿՀ-ն»,- նշեց Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է Արմեն Չարչյանի առողջական վիճակում հնարավոր դրական փոփոխություններին, փաստաբանը տեղեկացրեց, որ առողջական վիճակը մնում է նույնը, դրանից ավելի ոչինչ ասել չի կարող, բայց փաստ է, որ Արմեն Չարչյանն ունի շաքարային դիաբետ, ստանում է օրական 92 միավոր ինսուլին, ստացել է սրտամկանի սուր ինֆարկտ, որը կրկնվելու հատկություն ունի։
Հիշեցնենք, որ տելեգրամյան մի ալիքում հրապարակվել էր ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։
Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, որի շրջանակներում նախ բերման են ենթարկել Չարչյանին և տեղափոխել ՀՔԾ, ապա ձերբակալելու որոշում կայացրել։
Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է քվեարկության օրը և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։
Հունիսի 21-ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները։ ԿԸՀ համաձայնությունը ստանալուց հետո ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը մասամբ բավարարվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից։ Այժմ քրեական գործը գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի վարույթում։