Բաժիններ՝

«Ոսկե ծիրանը» կինոյի երկրպագուներին կներկայանա պատերազմի մասին ֆիլմերով ու միջազգային հյուրերով

Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում նախատեսվում է ցուցադրել աշխարհի տարբեր մասերում նկարահանված ֆիլմեր, որոնք անդրադառնում են պատերազմներին՝ հանդիսատեսին օգնելով խորհել տարբեր իրողությունների շուրջ, իսկ միջազգային ճանաչում վայելող կինոգործիչները վարպետության դասեր կանցկացնեն Հայաստանում:

Փառատոնը, որն անցկացվելու է հոկտեմբերի 3-10-ը, կմեկնարկի Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով:

Սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն ասաց, որ այն փառատոնը կբացի մի քանի պատճառով: «Ֆիլմը ձոն է կինոյին և խորհրդանշական է, որ փառատոնները բացում են սինեմատիկ ինչ-որ ֆիլմով, մյուս կողմից այն անդրադառնում է պատերազմին: Փառատոնը հետպատերազմական համախտանիշի, ցավի հաղթահարմանն է ուղղված, որովհետև համարում ենք, որ պատերազմը նույնպես համամարդկային աղետալի երևույթ է, և բազում պետություններ այս կամ այն պատմական շրջանում անցել են դրա միջով»,-նշեց Ավետիսյանն ու հավելեց, որ Հայաստանի երրորդ հանրապետության 30-ամյակի առթիվ էլ ցուցադրվելու է երեք լիամետրաժ ֆիլմ, որոնք նկարահանվել են 1990-ականներին: Հանրությունը հնարավորություն կունենա դիտելու Դավիթ Սաֆարյանի «Կորսված դրախտ», Վիգեն Չալդրանյանի «Տեր, ողորմյա» և Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր» կինոնկարները:

Խոսելով միջազգային հեղինակություն ունեցող հյուրերի մասին, որոնք իրենց այցով առավել հետաքրքիր կդարձնեն փառատոնը՝ անցկացնելով վարպետության դասեր՝ Ավետիսյանն ասաց, որ փառատոնի պատվավոր հյուրերից է իսրայելցի կինոռեժիսոր, Բեռլինի Ոսկե արջի դափնեկիր (Հոմանիշներ, 2019), Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր (Ահեդի ծունկը, 2021) Նադավ Լապիդը, որի ֆիլմով մեկնարկելու է «Ոսկե ծիրանը»:

Փառատոնի պատվավոր հյուրն է ամերիկացի նշանավոր սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեդերը: Վերջինս Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմերի սցենարիստը, «Ամերիկյան ժիգոլո», «Միսիմա, կյանքը 4 մասից», «Քահանայի օրագիրը» և 2 տասնյակ այլ ֆիլմերի ռեժիսորն և 3 տասնյակ միջազգային կինոփառատոնների դափնեկիր: Փառատոնի հյուրերից է հունգարացի թատրոնի և կինոյի ռեժիսոր, Կաննի, Լոկարնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոնների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: Կաննից կցուցադրվեն Լեոս Կարաքսի «Անետ», Պաուլ Վերհուվենի «Բենեդետտա», Ասղար Ֆարհադիի «Հերոսը», Գասպար Նոյեի «Վորտեքս» ֆիլմերը:

Բեռլինի միջազգային կինոփառատոնից կներկայացվեն Վիկտոր Կոսակովսկու «Գունդա», Մարիա Սփեթի «Պարոն Բախմանի դասարանը», Դընի Կոտեի «Սոցիալական հիգիենա» կինոնկարները: Կցուցադրվեն նաև այլ ֆիլմեր:

Փառատոնի ներկայացուցիչները չմոռացան ցուցադրել նաև «Ոսկե ծիրանի» պաստառը, որի հեղինակը ֆրանսաբնակ գրաֆիկ դիզայներ, գրաֆիկական բեսթսելեր վեպերի հեղինակ Վահրամ Մուրատյանն է:

«Պաստառները թելադրում են այն հայեցակարգը, որով շարժվում են փառատոններն այդ տարի: Հեղինակը պաստառի միջոցով փորձել է փոխանցել միջանցիկությունը, տարանցիկությունը, այն իրողությունը, որում մենք ենք. հետպատերազմական հետհամաճարակային, հետքաղաքական շրջան, տարբեր բաներ, որ թողել ենք հետևում, գնում ենք առաջ, բայց դեռ ինչ-որ գործընթացների արանքում ենք, տեսնում ենք լույսը թունելի վերջում, բայց մենք դեռ թունելի մեջտեղում ենք: Լույսը կինոյի էկրանն է, իսկ մթության մեջ՝ լույսը»,-մեկնաբանեց Ավետիսյանը:

Կինոտոնի աջակիցն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս