Բաժիններ՝

ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում զոհերի թիվը հասել է 45 մարդու. CNN

ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում «Իդա» փոթորկով պայմանավորված տեղատարափների եւ հեղեղումների զոհերի թիվը հասել է 45 մարդու: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Տարերքի մոլեգնումից ամենից շատ տուժել է Նյու Ջերսիի նահանգը, որտեղ զոհվել է 23 մարդ:

Նյու Յորքի նահանգում փոթորկի զոհ է դարձել 15 մարդ: Փենսիլվանիայի նահանգում իշխանությունները հաստատում են տեղի առնվազն հինգ բնակիչների զոհվելը: Զոհեր կան նաեւ Մերիլենդում եւ Քոննեկտիկուտում: Սեպտեմբերի 2-ին Միացյալ Նահանգների Արեւելյան ափին մոլեգնել են երկարատեւ տեղատարափները:

Անբարենպաստ եղանակն ընդգրկել է մայրաքաղաքային տարածաշրջանը, Փենսիլվանիայի, Նյու Ջերսիի եւ Նյու Յորքի նահանգները:

Տեղական հեռուստաալիքները հեռարձակում են ջրածածկ եղած փողոցների, ափերից դուրս եկած գետերի, ողողված տների կադրերը: Իշխանությունները տարհանում են անցկացնում: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի նահանգներում. «Իդա» փոթորկից տուժածներին երկրի նախագահը խոստացել է ցանկացած օգնություն ցուցաբերել տարերքի հետեւանքները վերացնելու համար:

«Նախագահի հրամանագիրը լիազորություններ է տալիս ներքին անվտանգության դեպարտամենին եւ արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությանը՝ բոլոր ջանքերը համակարգել աղետի հետեւանքները վերացնելու ուղղությամբ»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս