«Նախաքննության ընթացքում որևէ անձի հետ առերեսում չի եղել, որևէ անձ Արա Մկրտչյանի դեմ ցուցմունք չի տվել». Քասախի համայնքապետի փաստաբան

Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանի փաստաբան Տիգրան Ղազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Արա Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործի մանրամասներին։

Նա հիշեցրեց, որ դեռևս հունիսի 19-ին քրեական գործ էր հարուցվել, թե իբր Ա. Մկրտչյանի կողմից ընտրողների ազատ կամարտահայտության նկատմամբ ճնշումներ են գործադրվել։

«Քրեական գործը հարուցելուց ամիսներ անց՝ օգոստոսի 31-ին, պարոն Մկրտչյանին հրավիրում են Հատուկ քննչական ծառայություն, այնուհետև մեղադրանք են առաջադրում իմ կողմից նշված հանգամանքների համար։ Նույն օրը հայտարարում են, որ նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ պետք է ուղարկվի դատարան։ Այսինքն՝ քրեական գործով նախաքննության ավարտը և մեղադրանք առաջադրելը տեղի է ունեցել նույն օրը, մի քանի ժամվա տարբերությամբ»,- նշեց Տիգրան Ղազարյանը։

Ըստ նրա, նշվում է, թե իբր Արա Մկրտչյանը գույքը ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով փորձել է միջամտել, որպեսզի համապատասխան ժողովին ներկայացած անձինք գնան ընտրության և ընտրեն նրա կողմից մատնանշած թեկնածուին։

«Առաջադրված մեղադրանքն ամբողջովին անհիմն է, նույնիսկ պաշտպանական կողմի համար հստակ չէ, այդ հարցը բազմիցս բարձրացնելու ենք նաև հետագայում։ Այստեղ հստակ չէ, թե ինչումն է դրսևորվել այդ սպառնալիքը։ Նշվում է, թե իբր մի քանի տարի առաջ արած ասֆալտապատումը քանդելու սպառնալիքն է եղել, որքանով է սա իրատեսական և որքանով է որոշակի, պաշտպանական կողմի համար անհասկանալի է։ Քրեական գործով 30-40 անձինք են հարցաքննվել, որոնք ներկա են եղել այդ հանդիպմանը, որևէ մեկը չի ասել, որ պարոն Մկրտչյանի կողմից իրենց սպառնալիք է եղել, ավելին՝ որևէ սպառնալիք չի եղել»,- հավելեց փաստաբանը։

Միաժամանակ նա շեշտեց, որ Արա Մկրտչյանը ևս հայտարարել է, որ իր կողմից նման սպառնալիք չի հնչել։

«Ամբողջ նախաքննության ընթացքում որևէ անձի հետ առերեսում չի եղել, քանի որ որևէ անձ Արա Մկրտչյանի դեմ ցուցմունք չի տվել»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս