ԲԴԽ-ն կարճեց դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ Ռուստամ Բադասյանի հարուցած կարգապահական վարույթը

Բարձրագույն դատական խորհրդում այսօր շարունակվեց Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի հարուցած կարգապահական վարույթի քննությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը՝ վարույթի քննության առաջին նիստի ընթացքում դատավոր Արման Հովհաննիսյանը խորհրդի կազմին խնդրել էր փուլային քննություն անցկացնել ու հարուցված կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել, որի հիմքում դատավոր Հովհաննիսյանը դրել էր կարգապահական վարույթի հարուցման որոշման անօրինականությունը:

Ինչպես առաջին դատական նիստին, այսօր ևս Արդարադատության նախարարը ներկա չէր: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, որին գործով առաջին նիստի ժամանակ ԲԴԽ-ն խնդրել էր զեկուցել, թե ինչու նիստին ներկա չէ արդարադատության նախարարը, նշեց, թե նախարարը խնդրել է խորհրդին փոխանցել, որ իր լիազորությունների կատարման պայմանավորված նիստին ներկա գտնվել չի կարող:

«Պարոն Գրիգորյան, քանի որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը ևս արդարադատության նախարարի լիազորությունն է, և այս գործընթացն այդ լիազորության իրականացումն է, ես կարծում եմ՝ Դուք կտեղեկացնեք, որ հաջորդ նիստին, եթե արդարադատության նախարարը ներկա չեղավ, մենք առանց իր ներկայության նիստը չենք սկսի»,- նշել էր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:

Ապա արդարադատության նախարարության ներկայացուցիչը ներկայացրել էր դատավոր Հովհաննիսյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ նախարարության դիրքորոշումը՝ նշելով, որ դատավոր Հովհաննիսյանի միջնորդության հիմքում վկայակոչած ԲԴԽ 2020թ. հունիսի 13-ին կայացրած որոշումն այս գործի հանգամանքների նկատմամբ կիրառելի չէ:

«Ընդունենք՝ այդ որոշումը ես չեմ վկայակոչել, բերել եմ մի հանգամանք, որ նախարարը շահագրգիռ կողմ է եղել այս հարցի շուրջ: Ես ուզում եմ լսել նախարարության ներկայացուցչին՝ արդյոք իրենք շահերի բախում տեսնո՞ւմ են, թե՞ չեն տեսնում, ի վերջո, օրենսդրությունը թույլ է տվել, թույլ չի տվել… այո, ես նշել եմ, որ օրենսդրական արգելք չկա, նախարարը կարող է հարուցել, բայց այստեղ կա՞ շահերի բախում, թե՞ ոչ»,- դիմելով Արդարադատության նախարարության ներկայացուցչին՝ ասաց դատավոր Հովհաննիսյանը։

Ի  պատասխան՝ Սուրեն Գրիգորյանը նշեց, թե իրենց հայտնած դիրքորոշումն ընդհանուր առմամբ ամփոփ դիրքորոշում է եղել, ապա նշեց, որ գուցե այս հարցը կարող է քննարկվել օրենսդրական կարգավորումների շրջանակներում, բայց քանի կան գործող օրենսդրական կարգավորումները, ապա իրենք այն դիրքորոշմանն են, որ նախարարը դուրս չի եկել իր լիազորություններից և դրսևորել է իրավաչափ վարքագիծ:

Կողմերին լսելուց հետո ԲԴԽ կազմն անցավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Արդյունքում, ԲԴԽ-ն որոշեց բավարարել Արման Հովհաննիսյանի միջնորդությունը և կարճեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի ՝ դատավոր Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ կարգապահական վարույթ հարուցելու պատճառն այն էր, որ արդարադատության նախարարի պաշտոնակատարը երկու միջնորդություն է ներկայացրել դատարան՝ քաղաքացուն Վրաստանին հանձնելու թույլտվության և հանձնման նպատակով կալանավորելու թույլտվության վերաբերյալ: Երկու միջնորդությունն էլ մակագրվել են Արման Հովհաննիսյանին: Միջնորդությունները քննության առնելուց հետո  Հովհաննիսյանը  մերժել էր դրանք։

Տեսանյութեր

Լրահոս