Թուրքիան գլխավոր հյուպատոսություն է բացել Սերբիայի Նովի Պազար քաղաքում
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սերբիա կատարած երկօրյա այցի շրջանակներում Սերբիայի իր պաշտոնակցի՝ Նիկոլա Սելակովիչի հետ պաշտոնապես կատարել է Նովի Պազար քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բացման արարողությանը մասնակցել են Բելգրադում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Համի Աքսոյը և Նովի Պազարի գլխավոր հյուպատոս Բաշար Բաշոլը։
Բացման արարողությանը հեռարձակվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տեսաուղերձը։ Էրդողանը նշել է, որ գլխավոր հյուապտոսությունը նպաստելու է Թուրքիա-Սերբիա հարաբերությունների հետագա զարգացմանը և ծառայելու է ոչ միայն Թուրքիայի քաղաքացիներին, այլև իրենց տեղացի «եղբայրներին»։
Սերբիա կատարած այցի ընթացքում Չավուշօղլուն մի շարք հանդիպումներ է ունեցել՝ այդ թվում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, վարչապետի, ԱԳ նախարարի, Սերբիայում հաջողությունների հասած թուրք գործարարների հետ։ Նա նաև եղել է Սերբիայում «Թուրքական համագործակցության և համակարգման գործակալության» (TİKA) կողմից վերանորոգվող Բայրաքլը մզկիթում։