Բենզինի թանկացման պատճառները դեռ ուսումնասիրվում են. Գեղամ Գևորգյան

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ համատարած թանկացումների պարագայում հանձնաժողովը լռություն է պահպանում, և հայտնի չեն թանկացումների պատճառները, չկա նաև հանրային լուրջ դժգոհություն, ինչն առաջ հաճախ կարելի էր լսել գների՝ անգամ 10 դրամով բարձրանալու դեպքում:

«Մենք վերջերս հրապարակել ենք վարույթի արդյունքները, լուռ չենք փաստորեն: Ընդամենը մեկ ամիս առաջ հրապարակվեց մեր երկրորդ պատասխանատվությունը, երբ որ մենք ձու արտադրող երեք խոշոր ընկերության պատասխանատվության ենթարկեցինք գերիշխող դիրքի չարաշահման համար: Ձեթի գնի բարձրացման  ուսումնասիրությունները պարբերաբար հրապարակել ենք, ձվի գնի թանկացման մասով երկրորդ պատասխանատվության միջոցն ենք կիրառում: Մենք մեր աշխատանքը կատարում ենք, եթե տնտեսվարողները չեն համաձայնում, մտնում են դատարան: Այն շուկան, որտեղ կա կենտրոնացվածություն, միակ բանը, որ դեռևս վերջնական չենք հրապարակել, դա եղել է բենզինը, որը դեռ շարունակվում է, պրոցեսի մեջ է»,- ասաց Գևորգյանը:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը ներկայացրեց, որ իրենք չեն զբաղվում գների կարգավորմամբ, միջամտում են միայն այն դեպքում, երբ տնտեսվարողն օգտագործում է իր գերիշխող դիրքը:

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարող է միջամտել միայն այն դեպքում, երբ շուկայում կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, և միայն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից դեմպինգի կամ գների չհիմնավորված բարձրացման պարագայում մենք կարող ենք ինտերվենցիա ունենալ: Մնացածը շուկայական  հարաբերություններում շուկան ինքն է որոշում գինը, ընդ որում, պարենի համաշխարհային գները ևս բարձրացել են, ամբողջ աշխարհում թանկացումներ են, թանկացել են նաև բեռնափոխադրումները, թանկացել է բենզինի և նավթամթերքի շուկան, նվազման միտումներ որոշ ապրանքների առումով կան, բայց մնացածը դեռևս կայուն է պահպանվում»:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի շենքի փոփոխության մասին, Գեղամ Գևորգյանն ասաց, որ իրենք չեն որոշում՝ ո՞ր շենքում աշխատել:

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը չի որոշում որտեղ նստի, 50 մլն չենք տալիս, անկեղծ ասած, չգիտեմ, թե որքա՞ն ենք վարձակալության վճար տալիս, մեզ համար ընդհանրապես սկզբունքային չէ, թե որտեղ  կգտնվի, որտեղ պետությունը կորոշի, այնտեղ: Սա պետական մարմին է, պետական մարմնի պարագայում պետությունը հոգում է ծախսերը: Երբ Գյուղատնտեսության նախարարությունը միացավ Էկոնոմիկայի նախարարության հետ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին պատկանող շենքը, որպեսզի երկու նախարարություն նստեն մի շենքում, վերցրեցին տվեցին Գյուղատնտեսության նախարարությանը, դրա փոխարեն մեզ հատկացրին այլ շենք»,- ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Տեսանյութեր

Լրահոս