ԱՀԿ ղեկավարը կորոնավիրուսը որոշիչ ճգնաժամ է անվանել մարդկության համար
Նոր կորոնավիրուսի համավարակը մեր ժամանակների որոշիչ ճգնաժամն է: Այս մասին սեպտեմբերի 1-ին տեսակետ է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
«Կորոնավիրուսի համավարակը մեր ժամանակների որոշիչ ճգնաժամն է: Այն աշխարհին շատ ցավալի դասեր տվեց»,- ասել է Գեբրեյեսուսը:
Նրա գնահատմամբ՝ ամենակարևոր դասերից մեկն անհրաժեշտությունն է ունենալու նոր, հզոր համակարգեր և գործիքներ՝ ուսումնասիրելու, վերլուծելու և տարածելու տվյալներն այնպիսի հիվանդությունների բռնկման վերաբերյալ, որոնք մեծ ներուժ ունեն վերաճելու համաճարակների ու համավարակների:
Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ ուրբանիզացման, անտառների վերացումը, կլիմայական փոփոխությունները մեծացնում են կենդանիներից մարդկանց ինֆեկցիաների փոխանցման ռիսկը:
Նա ընդգծել է, որ թեպետ վիրուսներն արագ են տարածվում, սակայն տեղեկատվությունը դրանց վերաբերյալ կարող է ավելի արագ տարածվել, և մարդիկ կկարողանան նախապատրաստվել ու փրկել կյանքեր: