Վանաձորի ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել
Օգոստոսի 27-ին ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, կեղծ փողեր ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկեցին Վանաձորի Բաղրամյան փողոցի 27-ամյա մի բնակչի: Ըստ նախնական տվյալների` նա Վանաձորի Բաղրամյան և Տիգրան Մեծի փողոցների խանութներում կեղծ թղթադրամներ էր իրացրել:
Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց չորս՝ 5000, և ինը 1000-դրամանոց կեղծ թղթադրամ: Ավելի ուշ պարզվեց, որ օգոստոսի 25-ից 27-ը ծանոթներից մեկն էր նրան 125 հազար դրամի կեղծ թղթադրամներ տվել:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ ստացվեցին, որ Վանաձորի Ջունգլիներ թաղամասում ապրող մի երիտասարդ տանը տպագրական սարքով 20.000 և 5.000 անվանական արժեքներով կեղծ թղթադրամներ է տպում: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ խոսքը Վանաձորի Չուխաջյան փողոցի 27-ամյա բնակչի մասին է: Օգոստոսի 28-ին նա բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին, ապա ներկայացվեց Լոռու մարզային քննչական վարչություն և ձերբակալվեց:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: