Մեծ Բրիտանիան տարհանված աֆղանցիներին անժամկետ բնակության իրավունք կտրամադրի
Մեծ Բրիտանիայի կառավարության որոշմամբ, «Ջերմ ընդունելություն» գործողության շրջանակներում այն բոլոր տարհանված աֆղանցիները, որոնք բրիտանացի զինվորականների հետ համագործակցել են նաեւ Աֆղանստանում, կկարողանան Մեծ Բրիտանիայում մնալ առանց ժամանակային սահմանափակումների: Այդ մասին ասվում է մամուլի տեղեկագրում, որը զետեղված է Միացյալ Թագավորության կառավարության կայքում:
Նրանք բոլորը պետք է ստանան «կենսականորեն կարեւոր աջակցություն, որն անհրաժեշտ է կյանքի վերականգնման, աշխատանք գտնելու, կրթությունը շարունակելու եւ իրենց տեղական համայնքներում ինտեգրվելու համար», նշվում է փաստաթղթում: Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է. «Մենք մեծ պարտք ունենք նրանց հանդեպ, ովքեր աշխատել են Աֆղանստանի զինված ուժերի հետ, եւ ես լի եմ նրանց ու նրանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու վճռականությամբ, որը նրանց անհրաժեշտ է իրենց կյանքն այստեղ, Մեծ Բրիտանիայում, վերականգնելու համար»:
Մամուլի տեղեկագրում հաղորդվում է, որ օգնության շրջանակներում կառավարությունը առնվազն 12 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի աֆղանցի երեխաների համար լրացուցիչ դպրոցական տեղեր ստեղծելու նպատակով, կրթաթոշակներ կտրամադրվեն Մեծ Բրիտանիայի համալսարաններում սովորող աֆղանցի ուսանողների եւ ասպիրանտների համար: Եվս երեք միլիոն ֆունտ ստեռլինգ է նախատեսված այդ կատեգորիայի աֆղանցիներին բուժսպասարկումից օգտվելու հնարավորություն ստանալու համար, բոլորին առաջարկվում է COVID-19-ի դեմ պատվաստում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: