«Վիրավորանքի քրեականացման միակ նպատակը վախեցնող էֆեկտով ազատ խոսքի սահմանափակումն է». Սիրանուշ Սահակյան
Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) կազմակերպած «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանն անդրադարձավ երկու նախաձեռնություններին՝ ծանր վիրավորանքը քրեականացնելուն և Խորհրդարանում լրագրողների հավատարմագրմանը, թե որքանով է այդ գործընթացը բխում միջազգային ստանդարտներից:
«Դեֆամացիայի ձևակերպման տակ ընկալվում է թե վիրավորանքը, և թե զրպարտությունը: Երկուսի պաշտպանության օբյեկտն էլ անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն են: Քաղաքացիական օրենսգիրքը ստեղծվել է հենց այս բարիքների պաշտպանության համար, և այնտեղ ունենք պատվի պաշտպանության լայն եղանակներ, և պետությունն այստեղ անելիք չունի, որովհետև փոխհարաբերությունները մասնավոր են, ընկալումները՝ խիստ սուբյեկտիվ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է պետությունն օգտագործի իր ռեսուրսները մասնավոր օբյեկտները պաշտպանելու համար:
«Չմոռանանք, որ մեր Քրեական օրենսգիրքը հատուկ սուբյեկտների գործունեությունը պաշտպանել է վիրավորանքից և զրպարտությունից: Օրինակ, դատավորները իրականացնում են հատուկ գործունեություն, և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը քրեականացված է, ինչպես քննիչին և դատախազին վիրավորելը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ լրագրողների ու փաստաբանների գործունեությունը նույնպես պաշտպանված է միջամտությունից:
Իրավապաշտպանը կարծում է՝ իշխանություններին պետք է հիշեցնել նաև քրեական օրենսդրության փոփոխությունների պատմությունը, որ մեր օրենսգրքում եղել է 317 հոդվածը, որը ապաքրեականացվել է: Այն իշխանության ներկայացուցչին վիրավորելու մասին էր, և մեր այսօրվա իշխանությունների համոզմամբ՝ ժամանակին, երբ իրենք ընդդիմադիր գործիչներ էին, այս հոդվածը սպառնալիք էր ազատ խոսքի դեմ:
«Քրեաիրավական ոլորտում հայտնված անձի իրավունքներն էապես են սահմանափակվում, և ըստ էության քրեականացման միակ նպատակը վախեցնող էֆեկտով ազատ խոսքի սահմանափակումն է, որովհետև քրեաիրավական ոլորտում հայտնված անձի ազատ տեղաշարժը կարող է սահմանափակվել, անձնական ազատության իրավունքը, տարբեր օպերատիվ և քննչական գործողություններ կատարելու արդյունքում կարող են սահմանափակվել մասնավոր կյանքի, նամակագրության իրավունքները: Հասկանալի է, որ սրանք լծակներ են, որոնք օգտագործվելու են ազատ մամուլի դեմ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Իրավապաշտպանը պնդում է՝ չկա օրինակելի ու կանխատեսելի օրենք, չի կարող լինել նաև քրեական պատասխանատվություն:
Խոսելով հավատարմագրման մասին՝ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ դրա նպատակը լրագրողին արտոնյալ պայմաններով մուտք և գործունեության պայմաններ ստեղծելն է:
«Հավատարմագրումը չի կարող սահմանափակել լրագրողների գործունեությունը, ճիշտ հակառակը: Եվ թեև ֆորմալ հավատարմագրման գործընթացներ կան, սակայն դրանք չպետք է լրագրողի աշխատանքի բովանդակային գնահատում ենթադրեն, այլ պետք է միտված լինեն անձի իդենտիֆիկացիային»,- ասաց իրավապաշտպանը:
Ըստ նրա՝ եթե լրագրողը զրկվում է առաջնային աղբյուրի հիման վրա սեփական ընկալումներով կարևոր իրադարձությունները լուսաբանելու հնարավորությունից, սա չի կարող համարվել համաչափ միջամտություն խոսքի ազատությանը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հանրային նշանակություն ունեցող քննարկումներին:
«Պառլամենտը համարվում է այնպիսի վայր, որտեղ քննարկման առարկա են դարձնում հանրությանը հուզող խնդիրները, և լրագրողները պետք է հնարավորություն ունենան անմիջականորեն ընկալել օրենսդիր մարմնում տեղի ունեցող գործողությունները: Եթե տեղի են ունենում սկանդալային միջադեպեր, պետք է կարողանան լուսաբանել դրանք»,- ասաց իրավապաշտպանը:
Սիրանուշ Սահակյանն ասաց՝ երբ նայել է մեր լրագրողների համար սահմանված հավատարմագրման կարգը, այնպիսի տպավորություն է ստացել, որ մասնակցում է ինչ-որ խիստ տենդերի, որի արդյունքում պետությանը պետք է հատուկ արտոնություններ տրամադրել, և դրանք որևէ կերպ չեն բխում միջազգային ստանդարտից:
«Լրագրողի հարկադիր հեռացումը լուսաբանման լուր պարունակող իրավիճակից՝ խախտում է լրագրողական ազատությունները»,- ասաց իրապաշտպանը:
Սիրանուշ Սահակյանը վստահ է՝ իրավական առումով լրագրողական համայնքը պաշտպանված է, և պետք է պատշաճ իրավական կարգերով վիճարկվեն նշված իրավական նորմերը, որովհետև դրանք հակասահմանադրական են:
«Լրագրողական համայնքը շատ ազդեցիկ համայնք է, և կարող է ակտիվիզմի տարրեր պարունակող միջոցառումներ իրականացնել»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում