Որդու շիրմաքարի ապամոնտաժումից բողոքող քաղաքացին Փաշինյանի կողքին է եղել, երբ նրա մուտքը փակել էին դեպի «Եռաբլուր»
Արցախյան վերջին պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Նարեկ Գևորգյանի հարազատները երեկ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում էին պահանջում:
Զոհված զինծառայողի հարազատների խոսքով՝ Նարեկի հայրը՝ Ռոման Գևորգյանը, գնացել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ականատես եղել որդու ապամոնտաժված շիրմաքարին․
«Նիկոլ Փաշինյանն ի՞նչ հիմքով է հրաման տվել, որ սարքած գերեզմանը քանդեն։ Գերեզմանն ամբողջությամբ քանդել են, քարն էլ տարել են»,- լրագրողների հետ զրույցում ասել էր զոհված զինծառայողի մայրը՝ Էլադա Ղափանցյանը։
Զոհված զինծառայողի հարազատները վստահեցրել էին, որ «Եռաբլուր»–ում «ինչ-որ գեներալ է իրենց տեղեկացրել, թե շիրմաքարը հանել են Նիկոլ Փաշինյանի հրահանգով» և նրանք գնացել էին պարզելու՝ արդյո՞ք իրապես Նիկոլ Փաշինյանն է հրահանգել ապամոնտաժել իրենց որդու շիրմաքարը:
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում, իհարկե, չեղավ:
Սակայն ավելի ուշ ՊՆ-ն պարզաբանում տարածեց, որ զոհված զինծառայողի ծնողը՝ Ռոման Գևորգյանը, չանսալով իրենց հորդորներին, աճյունատեղում շարունակել է կառուցել դամբարանատիպ երկու հսկա սյունե կոթողներով շիրիմ, ինչի մասին զոհված զինծառայողի ծնողները ոչ մի խոսք չասացին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ:
Եվս մեկ ցավալի հանգամանք կա. զոհված զինծառայողի ծնողը՝ Ռոման Գևորգյանը, եղել է Նիկոլ Փաշինյանի կողքին, աջակիցը, երբ ժամանակին մի խումբ զոհվածների հարազատներ փակել էին Փաշինյանի ճանապարհը դեպի «Եռաբլուր»: Ռոման Գևորգյանը, լինելով, զոհվածի հայր, անգամ ամոթանք է տվել հակառակ ճամբարում եղած զոհվածների հարազատներին: