Եթե Ադրբեջանն ընդդիմանա՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միակ լծակը կմնա,  այն է՝ Արցախի անկախության ճանաչումը. ադրբեջանագետ

«ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջին շրջանում կենդանության նշաններ է ցույց տալիս: Համանախագահող երկրները փորձում են այդ ձևաչափը վերակենդանացնել: Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ. այս երեք կողմն էլ տարբեր շահերից ելնելով է դա անում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան վերջին իրադարձություններից հետո տարածաշրջանում ձևավորված իրավիճակից ելնելով՝ Արցախյան հակամարտության վրա էականորեն ազդելու այլ լծակ չունեն և, որպեսզի դուրս չմնան այս գործընթացից՝ փորձում են այս ձևաչափը վերականգնել:

«Անշուշտ, իրենց ձեռքում հիմա ամենամեծ լծակն է, այն է՝ առնվազն ճնշել ադրբեջանական կողմին, որը բացահայտ հրաժարվում է Մինսկի խմբի ձևաչափից՝ նախագահի շուրթերով պնդումներ հնչեցնելով, թե Արցախի հարցը փակված է, Մինսկի խումբն անելիք չունի, և այլն: Եվ եթե Ադրբեջանն ընդդիմանա այդ ճնշումներին՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միակ լծակը կմնա այս իրավիճակում ինչ-որ ազդեցություն ունենալու համար, այն է՝ Արցախի անկախության ճանաչումը, քանի որ, այսպես կոչված, տարածքային ամբողջականության հարցն ինքնաբերաբար դուրս է եկել Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական ագրեսիայի պատճառով»,- նշեց Գրիգորի Այվազյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Գորիսից Կապան, Գորիսից Որոտան տանող միջպետական ճանապարհները փակելուն՝ ադրբեջանագետը նկատեց.

«Ադրբեջանական լրատվամիջոցները, սոցիալական ցանցերում կեղծ էջերը վերջին ժամանակահատվածում փորձում են Արցախի բնակչության մեջ, ինչպես նաև Հայաստանում, որոշակի խուճապ տարածել՝ նշված ճանապարհահատվածներում խոչընդոտներ ստեղծելով, իբր հասկացնելով, թե պատրաստ են Լաչինի միջանցքն էլ փակել ու, եթե ուզում եք ողջ մնալ, պետք է հեռանաք Արցախից: Իրականում Բերձորում ռուսական հսկողություն է, ու ադրբեջանցիներն առանց ռուսների հետ ուղղակի բախման մեջ մտնելու՝ ոչ մի բան չեն կարող անել ու չեն կարող փակել այդ ճանապարհը: Պարզապես փորձում են հասնել իրենց նպատակին: Վերջերս Միլի մեջլիսի պատգամավորն ասում էր, թե՝ հայերին պետք է դուրս մղենք Արցախից:

Այսինքն, փորձում են բարոյահոգեբանական ճնշում գործադրել հայ հասարակության վրա, ինչպես նաև փորձում են սրացնել հայաստանցի, արցախցի դիսկուրսի աստիճանը: Մենք այդ քարոզչությանը չպետք է տուրք տանք: Հիշո՞ւմ եք՝ Բաքվում ինչպիսի հիստերիա էր բարձրացել, երբ ռուսական 50 մետրանոց դրոշ էր բարձրացվել Արցախում: Փորձում են հիմա ամեն ինչ անել, որ ռուսական կողմը դուրս գա Արցախից, իսկ դրան հասնելու մեկ ճանապարհ կա՝ Արցախի բնակչությանը ստիպել, որ հեռանան այդ տարածքից, որովհետև ռուսական զորքը չի կարող ամայի տարածքը վերահսկել ու պաշտպանել»:

Գրիգորի Այվազյանն ընդգծեց՝ Ադրբեջանում իրականում խուճապային տրամադրություններ են, և փորձում են Հայաստանում ստեղծված խառնաշփոթից օգտվել ու առավելագույնը ստանալ:

«Սակայն Ադրբեջանում հասկացել են կամ ընկալում են, որ ՀՀ Զինված ուժերը Ռուսաստանի կողմից «դաբրո» է ստացել Ադրբեջանի հանդեպ բիրտ ուժ կիրառել և, ըստ էության, դրան հակազդելու իրական որևէ հնարավորություն չունի Ադրբեջանը: Դա է վկայում այն, որ շտապ նոր զենք ու զինամթերք են գնում»,- ընդգծեց ադրբեջանագետը:

Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը օգոստոսի 25-ին հայտնեց, որ ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ: Հրաժարվում են բացել: ՄԻՊ-ը շեշտեց, որ սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ:

ՌԴ սահմանապահ ծառայողները, ՀՀ սահմանապահները նույնպես տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ, և քաղաքացիական մեքենաները դուրս են բերվել:

Օգոստոսի 26-ին ՄԻՊ գրասենյակը տեղեկացրեց, որ ադրբեջանական զինված ծառայողները  փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը, իսկ սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը և ուղիղ կապված է մարդկանց բնականոն կյանքի հետ:

Ադրբեջանական զինված ծառայողների այս հանցավոր արարքները խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը: Ինքնին նրանց ներկայությունն այդ ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի և միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների խախտում է:

Տեսանյութեր

Լրահոս