Երկրում ԱԱԾ կա՞. իշխանական պատգամավորի եղբայրն ակնհայտ ատելության քարոզ է անում` ընդդեմ արցախցիների

Վերջին տարիներին` իշխանափոխությունից հետո թափ հավաքած հակաարցախյան շարժումը նոր հորիզոններ է նվաճում։

Արցախը հանձնելուց հետո արդեն անթաքույց իրենց խորն ատելությունն արցախցիների նկատմամբ հրապարակայնորեն արտահայտում են ոչ միայն տարատեսակ ֆեյքերն ու ՌԴ-ում, ԱՄՆ-ում ու Եվրոպայում ծվարած ու իրենց համար երանելի իշխանազավթումից հետո այդպես էլ Հայաստան մշտական բնակության չվերադարձած առանձին սուբյեկտներ, քարոզիչներ, այլև իշխանական պատգամավորների ընտանիքի անդամները։

Երեկ իշխող «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության անդամ, մասնագիտությամբ իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանի եղբայրն իր ֆեյսբուքյան էջում երեկոյան Երևանի լուսանկար էր հրապարակել ու գրել. «Երևանս առանց ղարաբաղցիների»։

Գրառումից անցել է տևական ժամանակ, և այն դեռ իր տեղում է։

Ալեքսանդր Բաղդասարյան կոչված ներազգային պառակտիչի եղբայրը, հետաքրքիր է, չի՞ տեսել, տեսել ու համաձա՞յն է, թե՞ կասի` չափահաս մարդ է, ես իր էջի գրառումների հետ ի՞նչ գործ ունեմ։

Այս պահին էականը իրավապահ մարմինների քայլերի հերթականությունն է, և կախված դրանցից` հասկանալի կլինի` սա պետական դիրքորոշո՞ւմ է, թե՞  անպատասխանատու պառակտիչի արարք:

Ի դեպ, սա նույն այն Ալեքսանդր Բաղդասարյանն է, ով 2019թ. ապրիլին նշում էր մարիխուանայի միջազգային օրը։

«Ես իմ ազգականների, նրանց մտքերի կամ տեսակետների հետ չեմ ցանկանում նույնականանալ։ Իրենք ազատ են իրենց որոշումներում։ Ինչ վերաբերում է իմ անձին՝ ես այդ թեմայից հեռու եմ եւ չեզոք։ Իսկ մեր ընտանիքը բավականին մեծ է, նրանք ապրում են լրիվ տարբեր տեսակետներով, մաման լրիվ այլ տեսակետի է, ոչ միայն այդ հարցով։ Դժվար է մեր ընտանիքում բոլորին մի տեսակետի բերել, դրա համար ամեն մեկն իր կարծիքին է»,- այդ առնչությամբ ասել էր նրա պատգամավոր եղբայրը լրագրողների հետ զրույցում։

Հատկանշական է, որ Ալեքսանդր Բաղդասարյանի գրառման մեկնաբանությունների հատվածը փակ է։

Տեսանյութեր

Լրահոս