Ապագա կա, ջուր չկա՞. ինչո՞ւ չի վերականգնվում 24-ժամյա ջրամատակարարումը Երևանում

Շուրջօրյա ջրամատակարարում ունեցող Երևանի մի շարք թաղամասերում պարբերաբար, հիմնականում՝ երեկոյան ժամերին, ջուր չի լինում: «Վեոլիա ջուրը» ջրամատակարարման խնդիրներն ի սկզբանե պայմանավորում էր նրանով, որ ՀԷՑ-ը հոսանքազրկել է մեծ քանակությամբ պոմպակայաններ, ինչի պատճառով շատ բնակավայրերում մի քանի ժամ դադարեցված է ջրամատակարարումը։ ՀԷՑ-ից  հայտնել էին, որ իրենց մոտ գրանցված շեղումները համարվում են տեխնիկական կանոնակարգերով նախատեսված նորմատիվային թույլատրելի շեղումներ, ուստի ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել չէին կարող։ Հունիսի 24-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել էր հանդիպում «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կողմերը հայտնել էին, թե համակարգերն աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմներում, սակայն ներկայում ձեռնարկվում են միջոցներ համակարգերի աշխատանքը նոր ռեժիմներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Այսօր հունիսի 26-ն է, քաղաքացիները շարունակում են դժգոհել ջրամատակարարումից: 168.am-ը «Վեոլիա ջուր» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանից հարցրեց, թե ի՞նչն է պատճառը, որ խնդիրը դեռ չի կարգավորվել:

«Շոգ է, ջրի սպառման ծավալները շատացել են, հազիվ ծայրը ծայրին հասցնում ենք: Այս տարի մայիսի վերջից համարյա 40 աստիճան շոգ է: Նախորդ տարիներին նման ջերմաստիճան լինում էր հուլիսի կեսերից մինչև օգոստոսի կեսեր: Սա հայաստանյան տրադիցիոն ամենապիկն է սպառման: Մեզ մոտ այս տարի սպառման պիկը սկսվել է մայիսի վերջերին, երբ մի հատ էլ հանկարծակի խնդիր է առաջանում այլ համակարգի հետ կապված, բավական ժամանակով համակարգի աշխատանքը  խաթարվում է: Հիմա կարգի ենք բերում համակարգը, հզորության ինչ աղբյուրներ կա՝ աշխատեցնում ենք, փորձում ենք և հույս ունենք մոտ օրերին հնարավորինս կարգավորել, և մի բան, քաղաքացիներն էլ խմելու ջուրը ոռոգման նպատակով չօգտագործեն, այո, անում են»,- ասաց Սարգսյանը:

Մեր հարցին, թե հնարավոր կլինի՞ համակարգը վերականգնել այնպես, որ մարդիկ նորից 24-ժամյա ջրամատակարարում ունենան, «Վեոլիա ջուր» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը պատասխանեց, որ այդ հարցին կկարողանա պատասխանել աշխատանքային օրերին, երբ պատասխանատուներն աշխատանքի լինեն:

Տեսանյութեր

Լրահոս