Քարոզարշավից հետո միանշանակ ունենալու ենք կորոնավիրուսի թվերի որոշակի աճ. Անահիտ Ավանեսյան
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ընտրություններից հետո Covid 19-ի դեմ պատվաստումների ակտիվություն է նկատվում:
«Ներմուծվել է չինական պատվաստանյութի 100.000 խմբաքանակ, որը նախատեսված է 50.000 հոգու համար: Բոլոր պատվաստանյութերը Covid-ի դեմ, բացի «Ջոնսոն» ընկերության պատվաստանյութից, իրականացվում են երկու դեղաչափով: Այսօր արդեն կանցնենք 70.000-ը պատվաստումների ցուցանիշի, մենք տեսնում ենք, որ ընտրություններից հետո, անգամ այս երկու օրը տեմպի բավական մեծացում է նկատվում: Նախընտրական լարված իրավիճակով պայմանավորված՝ առաջնահերթությունները մարդկանց փոփոխվել էր, ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք պետք է արձանագրենք պատվաստումների ցուցանիշի աճ և ամեն ինչ անելու ենք այդ ցուցանիշն ապահովելու համար»,- ասաց Ավանեսյանը:
Նա նշեց, որ այժմ կորոնավիրուսի բավական լավ իրավիճակ ունենք, բայց այն պահպանելու և համավարակին վերջակետ դնելու համար պետք է պատվաստվել:
«Կանխատեսում ենք, որ աշնան սկիզբ և աշնան վերջ կունենանք «Ջոնսոն»-ի մեկ դեղաչափով նախատեսվող պատվաստանյութը և «Նովովակսինը»»,- ասաց Ավանեսյանը:
Հարցին, թե քարոզարշավը բացասական ազդեցություն ունեցե՞լ է կորոնավիրուսով վարակման ցուցանիշների վրա, Առողջապահության նախարարի պաշտոնակատարը դրական պատասխան տվեց:
«Մենք դիտարկում ենք՝ ինչպես նախորդ 7 օրվա, այնպես էլ՝ նախորդ 14 օրվա համեմատականները, մի փոքր աճ արդեն իսկ զգում ենք, քարոզարշավի ամբողջ ընթացքից հետո միանշանակ ունենալու ենք որոշակի թվերի աճ: Պետք է ամեն ինչ անել, որ այդ աճը չլինի կտրուկ, չլինի մեծ, և պատվաստումները պետք է օգնեն, որ խուսափենք նման աճից: Նման տեղաշարժերի ակտիվացումը բոլոր մարզերով, Երևան քաղաքով, իհարկե, իր դերը խաղալու է»,- ասաց Ավանեսյանը: