«Շատ տարօրինակ և անհասկանալի շարժ է տեղի ունենում վերահաշվարկի հետ». Արման Աբովյան

Այսօր առավոտից ԿԸՀ որոշմամբ 70-ից ավելի ընտրատեղամասերում տեղի էր ունենում ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկ:

168.am-ը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանից հարցրեց, թե հավանական համարո՞ւմ է, որ վերահաշվարկի արդյունքում նորընտիր խորհրդարանի կազմում տեղի ունենան փոփոխություններ, մասնավորապես օրենսդիրում հայտնվի իրենց կուսակցությունը, քանի որ դրա համար պակասում էր ընդամենը 1.1 % քվե: Ըստ ԿԸՀ տվյալների՝ ԲՀԿ-ն հավաքել է 50.419 ձայն՝ 3.9 %:

«Ամեն ինչ հնարավոր է, որևէ բան հերքել, հաշվի չառնել չի ստացվի, սակայն պետք է ընդգծեմ մի բան, որ շատ տարօրինակ և անհասկանալի շարժ է տեղի ունենում վերահաշվարկի հետ: Համացանցն ուղղակի ողողված է տարատեսակ տեղեկություններով, ուղղակի ողողված է, իսկ ռելևանտ, կամ, այլ կերպ ասած,  հասկանալի, նորմալ և ստուգված տեղեկություն առայժմ չկա: Դա ավելորդ անգամ կրքեր է բորբոքում: Վերահաշվարկը՝ վերահաշվարկով, բայց քանզի մինչև հիմա չկա տեղեկություն և հիմնականում ֆեյքային տեղեկություն է տարածվում, սա չափազանց նյարդայնացնում և լարում է իրավիճակը»,- ասաց Աբովյանը:

Մեր հարցին, թե ԲՀԿ-ն բողոքարկե՞լ է ընտրության արդյունքները, պատգամավորը պատասխանեց.

«Մենք ֆիքսել ենք բոլոր այն ընտրախախտումները, որ մեր առջև են եղել, իհարկե, ֆիքսել ենք, դրա հետ մեկտեղ՝ մեր վերլուծական ծառայությունները հիմա շատ մանրակրկիտ ուսումնասիրում են ստեղծված իրավիճակը, և ըստ այդմ մենք կհասկանանք մեր քայլերի հետագա տրամաբանությունը: Մենք հիմա ուզում ենք հասկանալ՝ այդ ընտրախախտումների ծավալն էական ազդեցություն ունեցե՞լ է ընտրությունների վրա, թե՞ ոչ: Շատ կարևոր է սա հասկանալ և շատ հստակ, պարզ, սառնասրտորեն վերլուծել»:

ԲՀԿ-ի սպասելիքներն ավելի՞ն էին այս ընտրություններից:

«Մեր սպասելիքները հետևյալն էին՝ մենք հույս ունեինք և անում էինք ամեն ինչ, որ ատելության և վախի մթնոլորտը, որը սերմանեց հիմնականում իշխանությունը, վախը, իռացիոնալ վախը՝ պատերազմ չլինի, թալանչիները չգան և այլն, դրա հետ մեկտեղ՝  ատելություն, «մուրճի» քաղաքականություն, մեխել և այլն… մի խոսքով, այս ընտրություններում, ցավոք, հաղթեց ատելությունն ու վախը, այլ ոչ թե ռացիոնալ տեսլականը, այստեղ հատուկ եմ ընդգծում, ժողովուրդը ոչ մի մեղք չունի, ընդհանապես, թող ոչ ոք չհամարձակվի ժողովրդին մեղադրել, մեղք ունեն այն մարդիկ և այն կառույցները, որոնք դարձրին ատելությունը և հայակործան գործընթացները որոշակի նախընտրական զենք, որն իրենց հաջողվեց օգտագործել»:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «Հայաստանում ընտրությունների կեղծման էջը փակված է անշրջելիորեն»: Արման Աբովյանից հարցրինք, թե ինքը նման տպավորություն ստացե՞լ է այս ընտրությունների ընթացքից:

«Ոչ, քանի որ, կրկնում եմ, բազմաթիվ տեղեկություններ կան տարատեսակ ընտրախախտումների մասին, և մինչև մենք չհասկանանք, թե այդ ընտրախախտումներն ի՞նչ ազդեցություն են ունեցել, ի՞նչ ծավալի են, ես կդժվարանամ կիսել, ավելի ճիշտ, չեմ կիսի Փաշինյանի այդ կարծիքը: Պետք է փաստերով խոսել, հո ասելո՞վ չէ»,- ասաց Աբովյանը:

Տեսանյութեր

Լրահոս