«Նույնիսկ Աննա Հակոբյանն էր ձեռքով բերանը փակել, պպզել և ծիծաղում հասարակության վրա, բայց այդ հասարակությունը շատ մեծ ուրախությամբ դա մոռացավ…». Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը մտածում էր, որ օգտագործելով իր ադմինիստրատիվ ռեսուրսը, բոլոր հնարավորությունները՝ Փաշինյանը կստանա, լավագույն դեպքում, 35-40 տոկոս ձայն, բայց ոչ՝ 53.92 տոկոս:
«Այն բոլոր վատագույն մեխանիզմները, որ կային նախկինում, և շատ խիստ քննադատվում էին նույն դավաճան Նիկոլի կողմից, հիմա ամբողջությամբ ծառայեցին Փաշինյանի իշխանության վերարտադրման համար: Սա շատ մեծ ազդեցություն ունեցավ ընտրությունների ելքի վրա, բայց նաև մեր հասարակության մի զգալի մասը քաղաքականապես անգրագետ է, իսկ թերուս մասսայի մասին էլ չեմ էլ խոսում, որը, իհարկե, աղետ է, և նրանք քվեարկել են Փաշինյանի օգտին: Նրանք առաջնորդվում են զգայական բնազդներով, այսինքն՝ իրենց համար առաջնայինը ոչ թե պետության պահպանումն է, ոչ թե երկրի անվտանգության պահպանումն է, և ընդհանրապես ՀՀ ֆիզիկական գոյությունն է, այլ ընդամենն այն է, որ նախկինները հետ չգան: Հասարակության այդ բնազդային երևույթներին շատ լավ տիրապետելով՝ գործող իշխանությունները շատ հմտորեն խաղացին այդ նուրբ լարերի վրա: Մենք տեսանք սոցիալական դեմագոգիա՝ նույն կերպ, ինչպես 3 տարի առաջ էր ճղճղում տարբեր ամբիոններից, որ կուլակաթափ է անելու, ասֆալտին է փռելու, պատերին է ծեփելու, հիմա էլ այդ մուրճը ձեռքն առավ, ներկայացրեց բոլորին, որ հիմա իբր պողպատյա հեղափոխություն է անելու: Այո, ինքը կարող է դա անել, այնպես չէ, որ չի կարող, բայց դրա հետևանքները աղետալի են լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Գագիկ Համբարյանի խոսքով՝ 21-րդ դարում որևէ մեկը ներդրում չի անի մի երկրում, որտեղ փորձ է կատարվում կուլակաթափություն անել կամ վերաբաշխել սեփականությունը. «Ո՞ր ներդրողը կգա՝ ներդրումներ կանի Հայաստանում, եթե տեսնի, որ շիզոֆրենիկ ղեկավարը սեփական իշխանությունը պահպանելու համար պատրաստ է այս կամ այն մարդուց խլել նրա սեփականությունը»:
Հարցին՝ արդյո՞ք Թուրքիան և Ադրբեջանը պատրաստակամ չեն լինելու ներդրումներ անել Հայաստանում, ինչպես նաև նշում էր գործարար Խաչատուր Սուքիասյանը, նա այսպես պատասխանեց. «Դա ոչ թե սովորական ներդրում է, այլ աշխարհաքաղաքական: Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանի օկուպացիան լինելու է հենց ֆինանսական տեսքով: Մենք տեսնում ենք, որ պանթուրանական ծրագրի ջատագով Թուրքիայի բռնապետ Էրդողանը բացահայտ հայտարարում է, Օսմանյան կայսրության նախկին տարածքների վրա իր հավակնությունները կյանքի է կոչելու տարբեր քաղաքական և ռազմական մեթոդներով»:
Նիկոլ Փաշինյանը երեկ հանրահավաք էր հրավիրել, որի ժամանակ ասաց, որ իրենք մեկնում են համերաշխության ձեռք բոլոր նրանց, ում հետ ունեցել են հակասություն: Բայց նույն հանրահավաքի ժամանակ նրա թիմակիցների հայտարարությունները և, դրանից հետո, ֆեյսբուքյան գրառումները լրիվ այլ հռետորաբանություն ունեն, օրինակ՝ նախկին դիջեյ էդուարդ Աղաջանյանը գրել էր, թե «ինտելեկտուալ ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց»: Գագիկ Համբարյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված այս հակասությունը:
«Ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում, որ իրեն ձայն է տվել ընտրելու իրավունք ունեցողների 27 տոկոսը, ամեն դեպքում, ինքը ունի իշխանություն հիմա: Նա, իբր, փորձ է կատարում ձեռք մեկնել, բայց ես իրականում որևէ ձեռք մեկնելու քայլ չտեսա: Իր այդ հայտարարությունից հետո ԿԳՄՍԱԳԼՃԿ մի հատ կար՝ Արայիկ էր անունը, ինչ էր, նա պողպատե մանդատով էր սպառնում, դիջեյի մասին էլ չասեմ: Ինքը ինտելեկտուալներից վիրավորված է, որովհետև լինելով տգետ և պրիմիտիվ՝ ժամանակին իր տգիտությունն ու պրիմիտիվությունը օգտագործում էր անբարոյական քայլեր կատարելու համար: Ես երբեք չեմ մոռանում այդ տղային 2018թ. գունավոր հեղափոխության օրերին. ո՞նց կարող է նորմալ մարդը ինչ-որ մի անբարոյական ծերունու հանել բեմ, ձեռքին պահել 2016թ. ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարը և լկտիաբար այդ անբարոյական ծերունուն ներկայացնել՝ որպես Ռոբերտ Աբաջյանի պապ, և դա կերակրել հանրությանը: Դիջեյ Էդոն այդպես վիրավորված է ինտելեկտուալներից, որովհետև նրանք բացահայտեցին այդ կեղծիքը: Նույնիսկ Աննա Հակոբյանը ձեռքով բերանը փակել, պպզել և ծիծաղում էր այդ ելույթի ժամանակ, ծիծաղում էին այդ հասարակության վրա, բայց այդ հասարակությունը շատ մեծ ուրախությամբ դա մոռացավ…»,- ի պատասխան՝ ասաց քաղաքագետը: