Վրաստանից ընդամենը 2 անգամ է հոսանքազրկում եղել՝ ընտրության օրը և դրանից մի քանի օր առաջ․ «Էլեկտրաէներգիական համակարգերի օպերատոր» ՓԲԸ
Հունիսի 20-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, երբ քվեարկությունն ավարտվել էր ու բոլոր ընտրատեղամասերում հաշվարկ էր ընթանում, ՀՀ մի քանի մարզերում հոսանքազրկումներ եղան։ Իշխանության աջակիցները տարբեր սոցիալական ցանցերում գրառումներ կատարեցին՝ փորձելով այդ անջատումները վերագրել «Հայաստան» դաշինքին՝ ակնարկելով ՀԷՑ-ՌԴ-Ռոբերտ Քոչարյան կապերի մասին։
Սակայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում տարածեց Հայաստանի տարբեր բնակավայրերում արձանագրված հոսանքազրկումների վերաբերյալ՝ նշելով, որ հոսանքազրկումները Վրաստանից են։
«Այսօրվա հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից (համակարգը աշխատում է կղզիացման ռեժիմով), որի հետևանքով ժամը 21:49 հոսանքազրկվել են Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրեր։ Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:54»,- ասված էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հաղորդագրության մեջ։
«Էլեկտրաէներգիական համակարգերի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով հունիսի 20-ին տեղի ունեցած հոսանքազրկումներին՝ ասաց, որ բոլոր 4 մարզերում հոսանքազրկումը գրանցվել, ապա վերականգնվել է նույն ժամերին՝ 21։49-21։54-ը։
«Հոզանքազրկվել էին Լոռի, Շիրակ, Արմավիրի մի մասը և Արագածոտնի մարզի մի հատվածը»։
Մնացական Մնացականյանից նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք նախկինում նման դեպք գրանցվե՞լ էր, որ անջատումը վրացական կողմից լիներ։
«Հունիսի 20-ի հոսանքազրկումից մի քանի օր առաջ էլ էր նման անջատում եղել, օրը չեմ հիշում։ Ընդամենը 2 անգամ է անջատում եղել, Վրաստանում վթար է եղել, այդ վթարի պատճառով է եղել։ Հայաստանի սիստեման նորմալ է եղել․․․»,- ասաց Մնացականյանը, ապա հավելեց, որ հունիսի 20-ի հոսանքազրկումից հետո նման խնդիր չի կրկնվել։