Պրոֆեսոր Չարչյանը հրավիրվել է ՀՔԾ, նրան մեղադրանք կառաջադրեն. Էրիկ Ալեքսանյան

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու պրոֆեսոր Արմեն Չարչյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունները։

«Հունիսի 21-ին ՀՀ ԿԸՀ-ն հրավիրած նիստի արդյունքում դատախազի միջնորդությունը բավարարել է:
Դրա վերաբերյալ ՀՀ ԿԸՀ որոշումները դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին՝ անհրաժեշտ դատավարական գործողություններ իրականացնելու համար»,- ասված է ԿԸՀ հաղորդագրության մեջ։

168.am-ի հետ զրույցում «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ ժամը 18:30-ին իրենք հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), ուր Արմեն Չարչյանին մեղադրանք կառաջադրվի:

«Կքննարկվի նաև նրա վերաբերյալ խափանման միջոց ընտրելու հարցը»,- նշեց Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ «2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածու Ա. Չ.-ի կողմից, բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով, նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու և ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելուն պարտադրելու դեպքի առթիվ 2021 թվականի հունիսի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով»:

Նկատենք, որ ՀՔԾ հաղորդագրության մեջ առկա է ակնհայտ կեղծիք, քանի որ հրապարակված ձայնագրության մեջ, որը տարածվել էր տելեգրամ ալիքներից մեկով, պրոֆեսոր Չարչյանը որևէ կերպ իր աշխատակիցներին չի պարտադրում կամ հարկադրում քվեարկել կոնկրետ ուժի օգտին:

Տեսանյութեր

Լրահոս