Արյունոտ թռուցիկներ՝ Երևանի փողոցներում. Որքա՞ն է այս հակաքարոզչության գինը
Ռոբերտ Քոչարյանի արյունոտ թռուցիկները Երևանի տարբեր փողոցներում են հայտնվել երեկ գիշերվանից: Բաղրամյան պողոտայում՝ ականատեսներից մեկը, որը չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ, մեզ հետ զրույցում պատմեց՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում Lada 21 09 և Mercedes մակնիշի երկու մեքենայով, բարձր երաժշտությամբ մի խումբ երիտասարդներ այդ թռուցիկները շաղ են տվել ամբողջ փողոցով, քամին դրանք դեպի մայթ էր բերել:
Թռուցիկները սովորական թղթի վրա չեն: Դրանք տպագրված են A5 ֆորմատի հաստ, փայլուն թղթի վրա, տպագրությունը գունավոր է:
Տպարաններից մեկից հարցրինք, թե մեծածախ պատվերի դեպքում որքա՞ն կարժենա այսպիսի թռուցիկի տպագրությունը: Մեզ պատասխանեցին, որ 500 օրինակի դեպքում՝ մեկ հատը 25 դրամ, այսինքն՝ 500 հատը՝ 12.500 դրամ: Նկատենք, որ թռուցիկներն անխնա շաղ են տրված: Միայն ենթադրել կարելի է, թե որքան ֆինանս և մարդկային ռեսուրս է հարկավոր եղել ամբողջ քաղաքով այս թռուցիկները տարածելու համար: Մեր նկարահանման պահին շատ փողոցներից դրանք արդեն հավաքել էին: