«Ոչինչ չի ստացվելու, գործող իշխանությունների այդ խռխռոցները ոչ մի արդյունք չեն տալու». Վահե Հակոբյան

«Պարզ է՝ ովքեր են կազմակերպել, սա շատ էժան, նենգ գործողություն է: Ներկա իշխանությունը, որին ժամեր են մնացել, հոգեվարքի մեջ է, դրանով է պայմանավորված նրանց այս ոչ ադեկվատ գործողությունների շարունակությունը: Դուք, երևի, գիտեք, որ Սիսիանում դատարանի անհիմն որոշմամբ՝ խուզարկություններ են կատարվել «Հայաստան» դաշինքի գրեթե բոլոր շտաբներում, և եթե ճիշտ եմ հիշում՝ 4 շտաբի ղեկավար հրավիրվել է Երևան, որպեսզի ինչ-որ բացատրություն տան: Խուզարկությունները ոչ մի արդյունք չեն տվել, չէին էլ կարող տալ: Սրա նպատակն է՝ գլխատել կազմակերպչական աշխատանքը: Իրենց կարճ խելքով՝ այդպես են մտածում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը, որը քվեարկում է 4/53 ընտրական տեղամասում:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տարածվում են հակաքարոզչական թռուցիկներ:

Վահե Հակոբյանի համար անհասկանալի է իրավապահ մարմինների պահելաձևը. «Մի քանի ժամ հետո իրենք ի՞նչ պատասխան են տալու»:

Նա նշեց, որ «Հայաստան» դաշինքի հաղթանակը լինելու է շատ համոզիչ և տպավորիչ. «Չեմ բացառում, որ անելանելի վիճակից՝ իրենք կփորձեն ինչ-որ բախումների տանել, հենց այս վայրկյանից սկսած ես սպասում եմ, բայց չի ստացվելու: Մենք սադրանքների չենք գնալու, և կոչ եմ անում ամբողջ ժողովրդին՝ չգնալ սադրանքների»:

Վահե Հակոբյանը հավելեց, որ Սյունիքում զինվորներին ուղղորդում են՝ քվեարկել Փաշինյանի ուժի օգտին. «Իրենք Սյունիքում ջախջախիչ պարտություն են տանելու: Էլի եմ ասում՝ ոչինչ չի ստացվելու, իրենց այդ խռխռոցները ոչ մի արդյունք չեն տալու: Այս ամենն  արձանագրվում է, մեր դաշինքի իրավաբաններն արդեն հայտարարություն արել են, և այս արձանագրությունները վաղվանից սկսած դրվելու են ի գործ»:

Տեսանյութեր

Լրահոս