«Սյունիքում խուզարկվում են «Հայաստան» դաշինքի բոլոր շտաբները. թույլտվությունը տվել է դատավոր Մացոն». Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ այսօր Հայաստանի հեռացող Կառավարությունը և այդ Կառավարության համար որպես գործիք օգտագործվող Ազգային անվտանգության ծառայությունը սկսել են հերթական օպերացիան՝ ընդդեմ «Հայաստան» դաշինքի։

«Փաստորեն, հեռացող Կառավարությունն ու իր համար որպես գործիք ծառայող Ազգային անվտանգության ծառայությունը սկսել են հերթական օպերացիան՝ ընդդեմ «Հայաստան» դաշինքի ու դաշինքի շտաբների։ Մասնավորապես, մեկ զեկուցագրի հիման վրա ներկայացնում են միջնորդություն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի ստանան թույլտվություն՝ խուզարկություն իրականացնելու համար Սյունիքի մարզի գրեթե բոլոր նախընտրական շտաբների տարածքներում՝ ներգրավելով պրոցեսներին շտաբի պատասխանատուներին։ Նման պայմաններում հարց կառաջանա, թե ո՞ր դատավորը կարող է ընդամենը մի զեկուցագրի՝ ոչ մի ապացուցողական նշանակություն չունեցող թղթի հիման վրա, տալ թույլտվություն։ Իհա՛րկե, դա հայտնի Մացոն՝ նույն ինքը Մնացական Մարտիրոսյանն է՝ այն դատավորը, որի մասին խոսել ենք երեք տարի»,- ասաց Վարդևանյանը՝ նշելով, որ հերիք չէ այդ զեկուցագրի հիման վրա գնում խուզարկություններ են իրականացնում՝ փնտրելով քվեաթերթիկ տպող սարք, այլ նաև «Հայաստան» դաշինքի շտաբների աշխատակիցներին Սյունիքից բերման են ենթարկում Երևան՝ իբրև թե հետո նրանց Սյունիք վերադարձնելու պայմանով։

Արամ Վարդևանյանը դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ կոչ անելով դադարեցնել այս վիճակը։

Ըստ Վարդևանյանի՝ ԿԸՆ-ն պետք է այս հանգամանքն անհապաղ քննության առարկա դարձնի։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս