«Ինձ զանգահարեց Ալավերդու դպրոցի ուսուցչուհիներից մեկը, ասաց՝ մեզ ասել են՝ բարձր դասարանի երեխաներին էքսկուրսիայի անվան տակ կբերեք, ձեր տեղը Շահումյան հրապարակն է լինելու». Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանի հանրահավաքի մասին
Այսօր «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի ասուլիսի ժամանակ կոմիտեի անդամ, ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երեկվա հանրահավաքին, նշեց, որ աննախադեպ վարչական ռեսուրս է կիրառվել:
«Ես՝ որպես թե՛ երկար տարիների լրագրող, թե՛ պատգամավոր, լինեմ անկեղծ, տեսել եմ վարչական ռեսուրսի կիրառում, բայց այն, ինչ տեղի ունեցավ երեկ, աննախադեպ էր: Ինձ զարմացնում է, որ Հայաստանում երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող օրինակ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, երբ նրանց ուղարկվել է ահասարսուռ տեսարան, թե ինչպես Սևանի հոգեբուժարանից անգամ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց են տեղավորում մեքենաների մեջ և բերում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, իրենք այս ընթացքում որևէ միջանկյալ զեկույցով հանդես չեկան»,- ասաց Զոհրաբյանը:
Նա հիշեցրեց, որ նախկինում ցանկացած օրինախախտման, վարչական ռեսուրսի կիրառման դեպքում մի քանի միջանկյալ զեկույցներ են ներկայացվել, օրինակ՝ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «ինչքան ուզես, էնքան խփենք» հայտնի արտահայտության մասին:
«Իսկ այս մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, երեք օր շարունակ նախապատրաստական աշխատանք է տարել, ավտոբուսներով, բոլոր հնարավոր տեղաշարժման միջոցներով Հանրապետության հրապարակ են բերվել մարդիկ: Ինձ զանգահարեց Ալավերդու դպրոցի ուսուցչուհիներից մեկը, անունը չեմ հրապարակում, քանի որ մարդն աշխատանքը կկորցնի, ասաց՝ մեզ ասել են՝ բարձր դասարանի երեխաներին էքսկուրսիայի անվան տակ կբերեք, և ասել են՝ ձեր տեղը Շահումյան հրապարակն է լինելու, որտեղից մենք ձեզ պետք է նկարենք՝ մարզպետարան «ատյչոտ» տալու համար, որ դուք ձեր վրա դրված պարտականությունը կատարել եք: Ամբողջ հանրապետության վարչական ռեսուրսն օգտագործելով՝ երեկ Նիկոլ Փաշինյանը կարողացավ Հանրապետության հրապարակում հավաքել 21.100 մարդ, ես ցիտում եմ Նիկոլ Փաշինյանի կողմնակից Դանիել Իոաննիսյանի թիվը, եթե անգամ ընդունենք, որ դա մի քիչ չափազանցված է, կամ ընդունենք՝ չափազանցված չէ, դա արդեն վկայում է, որ մարդ, ով 2018թ.-ին մի ֆեյսբուքյան գրառումով քանի մարդ էր բերում ԱԺ-ի վրա գրոհի, ովքեր ճանկռտելով բարձրանում էին մեր աշխատասենյակները, կամ հավաքում էր Հանրապետության հրապարակում, երեկ իմ վստահ համոզմամբ՝ արձանագրեց իր պարտությունը: Երեկ մի վտանգավոր երևույթի ականատես եղանք, մարդիկ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդիկ եկել էին մուրճերով»,- ասաց Զոհրաբյանը: