«275 անհետ կորած ունենք այս պահին». Նաիրի Սարգսյան

«Մենք 1000-ից ավելի անհետ կորած ունեցել ենք նոյեմբերի դրությամբ»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած փաստաթղթին, որտեղ նշվում է, որ ունենք 1064 անհետ կորած:

«Հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում անհետ կորածների դիերը հայտնաբերվեց, և նրանք անհետ կորածների ցուցակից անցան զոհվածների ցուցակ: Շուրջ 800, մի փոքր ավել անհետ կորածներ, նրանց մարմինները Հայաստանում էին, անձերը նույնականացվեցին և հուղարկավորվեցին: 275  անհետ կորած ունենք այս պահին»,- ասաց Նաիրի Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանը ապրիլի 6-ին խորհրդարանում հրապարակել էր, որ 321 անհետ կորած ունենք, իսկ Երրորդ նախագահի հրապարակած Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փաստաթուղթը թվագրված է ապրիլի 14-ին:

Լրագրողները Նաիրի Սարգսյանից հարցրին, թե 8 օրվա ընթացքում այդքան մարմին ու մասո՞ւնք է նույնականացվել:

«Հիմնադրամը հրապարակում է այն թիվը, ում հիմնադրամից աջակցություն է տրամադրվել՝ ամսական 300.000 դրամ, այն ժամանակահատվածի համար, երբ մեր զինծառայողներն անհետ կորած են եղել, դրա համար այդ թիվը մեծ է, մի պահ կգա, որ մենք միգուցե այլևս անհետ կորած չունենանք, բայց այդ թիվը մնալու է 1000-ից ավելի, որ այդքան մարդ ստացել է աջակցություն, դա չի նշանակում, որ այս պահին այդքան անհետ կորած ունենք»,- ասաց Նաիրի Սարգսյանը:

Նա նշեց, որ գտնվում է արձակուրդում և Կառավարության շենք է եկել, քանի որ անհետ կորածների հարազատները հանդիպում են խնդրել Նիկոլ Փաշինյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս