««Լուսավոր Հայաստան»-ը գտնվում է 3-րդ տեղում, ընտրությունների օրը կտեսնեք, որ այդպես էլ կա». Էդմոն Մարուքյան
Այսօր՝ նախընտրական քարոզարշավի 10-րդ օրը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք անցնելու են խորհրդարան:
«Երեկ երեկոյան ստացել եմ մեր ուսումնասիրությունների տվյալները, ուսումնասիրություններն իրականացվել են խոշոր քաղաքներում և ոչ թե հեռախոսազանգերով, այլ կոնկրետ շփումներով: Այս պահին «Լուսավոր Հայաստան»-ը գտնվում է 3-րդ տեղում, ես ուղղակի ձեզ ասում եմ թրենդը, որևէ տոկոս չեմ ասելու, ընտրությունների օրը կտեսնեք, որ այն, ինչ ասում եմ, այդպես էլ կա»:
Մարուքյանը պնդեց, որ բավականին ակտիվ քարոզարշավ են արել և վերջին 2 օրն ավելի են ակտիվանալու:
«Մեր ուղերձները տեղ են հասել, ի զարմանս մեզ, ավելի շատ ազդեցություն են ունեցել, քան մենք կարծում էինք, որ ունենալու են: Մեր ուղերձի ավելի շատ ազդեցություն ունենալուն օգնել են նաև իրար ոչնչացնելու մոլուցքով տառապող երկու բևեռները: Այսինքն՝ իրենք իրար նկատմամբ այնքան են սրել պայքարը, որ կենտրոնական հատվածում ազգային միասնության կառավարություն ստեղծելու և համերաշխության ուղերձը 2 անգամ ավել էֆեկտ է տվել»,- ասաց Մարուքյանը:
ԼՀԿ ղեկավարն ասաց, որ իրենք դահլիճային հանդիպումներ և հանրահավաքներ չեն կազմակերպում, քանի որ դրանց եկող մարդիկ առանց այդ էլ իրենց ընտրողն են, իրենք հանդիպում են մարդկանց, որոնք դեռ չեն կողմնորոշվել, կամ որոշել են ընտրել ուրիշ ուժի:
«Շփվել ենք 80 %-ով այն մարդկանց հետ, ովքեր չգիտեին ում ընտրել, հետևաբար ազդեցությունը մեծ է եղել»:
Մարուքյանը վստահեցրեց, որ եկող խորհրդարանում իրենց դերը բացառիկ է լինելու:
«Կարևոր դեր «Լուսավոր Հայաստանը» խաղացել է այս ընթացքում, այսինքն 2019-ի հունվարի 14-ից հետո, եղել է խորհրդարանի երրորդ ուժը, հիմա բացառիկ դերակատար է լինելու՝ երկրում կանխելու սպասվող և ժողովրդին տրամադրող բախումները կանխելու, ինչպես նաև ազգային համերաշխության և միասնության կառավարություն ստեղծելու գործում»,- ասաց ԼՀԿ ղեկավարը:
Հարցին, թե տեսնո՞ւմ են նման տրամադրվածություն, որը կարող են քաղաքացիական բախումների հասցնել ընտրություններից հետո, Մարուքյանը պատասխանեց, որ փորձում են քաղաքացիներին հետ պահել դրանից:
«Մարդկանց պետք է տալ հետևյալ ուղերձը՝ ձեզ ցույցերի տանող, այն ցույցերի, որոնք կարող են վերածվել բախումների, տանող ուժերի ղեկավարները պաշտպանված են ձեր իսկ վճարած հարկերով պահվող անվտանգության մարմիններով, հետևաբար, եղեք ուշադիր, զգոն, ձեզ ուր որ տանում են, մեր երկրի ներկայի և ապագայի հետ որևէ կապ չունի, երկիրն այս վիճակից հանելու հետ կապ չունի ուղղակի»,- ասաց Մարուքյանը:
Իսկ ի՞նչ կլինի, եթե խորհրդարանը ձևավորվի հենց այնպես, ինչպես ցույց են տալիս ԼՀԿ հարցումները:
«Եթե երկու ուժերը չեն հաղթում, դա նշանակում է, որ ժողովուրդը պարտադրում է համերաշխություն»:
Մարուքյանը վստահեցրեց, որ եթե ձևավորվի համերաշխության կառավարություն, ապա ինքը չի հավակնելու վարչապետի պաշտոնի, այդ պաշտոնում էլ տեսնում է այն մարդուն, որը կունենա բոլորի աջակցությունը: