«Ինչ քննադատել էին, իրենք եկան, դրանից բեթար արեցին». Էդմոն Մարուքյանը՝ գործող իշխանության մասին

Այսօր՝ նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, իրենց կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքանը Վարդենիսում է: Իր ելույթի ժամանակ նա ասաց, որ իրենք այս ընտրությունները դիտարկում են՝ որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու տարբերակ:

«Հայաստանում, երբ որ մի ուժ ամբողջական, բացարձակ մեծամասնություն է ձևավորել խորհրդարանում կիսանախագահական համակարգի ժամանակ, այսպես կոչված՝ խորհրդարանական համակարգի ժամանակ ոչ մեկին չեն լսել, թե ի՞նչ պետք է անել, ոչ մեկի խոսքը, առաջարակությունը, մտահոգությունը հաշվի չի առնվել: Բացարձակ իշխանություն ունենալու որևէ քաղաքական ուժի մոլուցքն ուղղակի մեզ համար դարձել է կործանարար: Սպասվող ընտրություններում առաջին բանը, որ մենք ուզում ենք լինի, դա այն է, որ ոչ մի ուժ չպետք է առանձին հաղթանակ տոնի, այս ընտրություններում պետք է հաղթանակ տոնի հայ ժողովուրդը, պետք է հաղթանակը տոնվի միասնության համար, ուրիշ ոչ մի բանի համար հաղթանակ տոնելու բան չունենք»,- ասաց Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարը նշեց, որ նախընտրական քարոզարշավում շարունակվում է ատելության քարոզն ու հայհոյախառն ելույթները: Այս ամենից անմասն չեն մնում նաև երեխաները:

«Երեկ տեսնում եմ, որ երեխաները մեր բուկլետներն են այրում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության գլխարկը վերցրել այրում են, և դա սոցիալական ցանցերում տարածում են: Սա ինչի՞ց է գալիս, որտեղի՞ց է գալիս, ինչո՞ւ են սա անում, ո՞վ է սա քարոզում: Երեխաները լսում են այդ հայհոյախառն ելույթները, այդ ատելության քարոզը, հետո տրամադրվում են, հետո դառնում են այդ ատելության քարոզի մի մասնիկը: Ինչո՞ւ ենք մենք մեր սրբությունները վտանգում, ո՞նց կարելի է երեխաներին ներգրավել նման գործընթացների մեջ»,- ասաց Մարուքյանը:

Նա անդրադարձավ նաև սփյուռքի խնդիրներին՝ պնդելով, որ նրանք որևէ կերպ  ներգրավված չեն Հայաստանի ներքաղաքական կյանքում:

«Այսօր սփյուռքը նեղացած է Հայաստանից, այսօր սփյուռքի ռեսուրսները մարդիկ ուզում են ներգրավել, ասում են՝ սփյուռք, օգնի, բայց Սահմանադրությամբ ամբողջությամբ սահմանափակել են սփյուռքի որևէ ձևով մասնակցությունը Հայաստանի գործերի մեջ: Միայն ասում են՝ փող տվեք մեզ»,- ասաց Մարուքյանը և հիշեցրեց, որ ԼՀԿ-ն նախագիծ էր ներկայացրել սփյուռքի մեր ներկայացուցիչներին պետական կառավարման համակարգում ներգրավելու համար:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ գործող իշխանությունը պահպանել է Սահմանադրությունն այնպես, ինչպես կա, մինչդեռ նախկինում դժգոհում էր դրանից և այն անվանում էր «սուպերվարչապետական»:

«Ինչ քննադատել էին, իրենք եկան, դրանից բեթար արեցին հեղափոխությունից հետո, ժողովրդի արած հեղափոխության գաղափարները, արժեքները, ոչ մի բան չմնաց դրա տակ: Միակ բանը, որ հիմա պետք է տեսնենք՝ մնացե՞լ է, թե՞ ոչ, ազատ, արդար ընտրությունների կազմակերպումն է»,- ասաց Մարուքյանը:

Տեսանյութեր

Լրահոս