«Ես չեմ զարմանա, եթե վաղն ադրբեջանցիները գան, Սևանում լողանան․․․ Սահմանագծումն էլ լինի, ադրբեջանցին մտնելու է. եթե դիմացդ զորք չկա, մտնելու է». Սերժ Սարգսյան

«Սրանք ինչքան լինեն իշխանության, այս վիճակը շարունակվելու է, այլ վիճակ չի կարող լինել: Ես արդեն մի քանի օր է՝ այդ օրինակն եմ բերում. Ես եղել եմ Սյունիքում՝ Տեղ գյուղում, սա սահմանամերձ խոշորացված համայնք է, միայն  այդ համայնքից 350 հեկտար գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ստույգ թվեր չգիտեմ՝ Գեղարքունիքից ինչքան է գտնվում, բա այդպես է լինելու»,- Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այդպես է լինելու, եթե զինվորին հրաման են տալիս՝ չկրակել: Եթե հրամանատարը իրավունք չունի որոշում կայացնել՝ ինչպես սահմանը պաշտպանել, բա ուրիշ ինչպե՞ս պետք է լինի: 8 ամիս է անցել, բա Հայաստանի սահմանները պետք է պաշտպանված լինեի՞ն, թե՞ ոչ: Տասնյակ տարիներով ասում էին՝ Ղարաբաղը տանք՝ հանգիստ ապրենք, կոչ էին անում, ասում էին՝ պետք չէ, որ Հայաստանից զինվորները գնան՝ Ղարաբաղի սահմանը պահեն, ինչքան էլ փորձում էինք բացատրել, որ Գեղարքունիքից, Շիրակից, Լոռուց, Երևանից գնացած զորակոչիկները պաշտպանում են ՀՀ սահմանը նաև, չէին հասկանում: Հիմա բոլորս տեսանք, չէ՞՝ ինչ է նշանակում՝ Ղարաբաղում սահմանները չպաշտպանել»,- ընդգծեց նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ նույնիսկ, եթե լիներ սահմանազատում, ադրբեջանցին մտնելու է ՀՀ սահման. «Եթե դիմացը զորք չկա, մտնելու է: Ես վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու, ինչքան սրանք լինեն, ինչքան խաղաղություն մուրան: Ես պատերազմի կողմնակից չեմ, բայց ո՞վ է հարգում մուրացկանին»:

Երրորդ նախագահն օրինակը Սևանի վրա բերեց. «Հիշո՞ւմ եք՝ Ադրբեջանում սրա նման մեկը կար 90-ականների սկզբին, Էլչիբեյ էր ազգանունը, որ ասում էր՝ Սևանում ոտքերս թրջելու եմ, ոնց որ թե կանխագուշակում է արել՝ ես չեմ զարմանա, որ վաղը ադրբեջանցիները գան՝ Սևանում լողան: Մարդը ասում է՝ տարին 6 ամիս սարերում ձյուն է, այնտեղ զինվորը ո՞նց կանգնի: Գեղամա լեռներում մինչև հիմա ձյուն է, դեռ երկու ամիս էլ ձյուն է լինելու, այսինքն՝ այնտեղ մեր զինվորները չպե՞տք է մեզ պաշտպանեն: Ի՞նչ եղավ Սև լիճը: Ասում է՝ ադրբեջանցիները Սև լճի 30 տոկոսը գրավել են, դրա համար պատերազմե՞նք: Է, վաղն էլ կասի՝ Գեղամա լեռների 20 տոկոսը, 50 տոկոսը ադրբեջանցիները գրավել են, բայց դրա համար կռի՞վ անենք, պատերա՞զմ անենք: Ու այդպես կգան կհասնեն մինչև որտեղ: Պետք է հնարավորություն ունենանք վերականգնել մեր անվտանգության համակարգը, ուրիշ ճանապարհ չկա: Մենք մի այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ առանց մարտունակ բանակի, առանց լուրջ անվտանգության համակարգի հնարավոր չէ նորմալ ապրել ու զարգանալ, սա միանշանակ է»:

Տեսանյութեր

Լրահոս