Առողջապահության նախարարի պաշտոնակատար Ավանեսյանը բուժաշխատողների հետ հանդիպման անվան տակ քարոզարշավ է իրականացնում. ինչո՞ւ է լռում ԿԸՀ-ն

Մարզային բժշկական կենտրոնների համաչափ զարգացումն Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր Շիրակի և Լոռու մարզերի բուժաշխատողների հետ է հանդիպել։

Այս մասին տեղեկացրել է Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան  էջն ու լուսանկարներ հրապարակել այդ հանդիպումներից:

Նշված հանդիպման ժամանակ Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Բժշկական կենտրոնների արդիականացման` շենքային պայմանների բարելավում, նորագույն սարքավորումների ապահովում, ինչպես նաև մարզերում նեղ մասնագետների առկայության և  աշխատավարձերի վերանայման հարցերին:

Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ առողջապահական ապահովագրության ներդրման շնորհիվ քաղաքացիներն ապահովագրված կլինեն, իսկ մարզային բուժհաստատությունների համար առավել շահեկան պայմաններ կստեղծվեն։

Սա սովորական աշխատանքային այց ու հանդիպում կլիներ մարզային բուժաշխատողների հետ, եթե առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ընդգրկված չլիներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

Անահիտ Ավանեսյանն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 15-րդ համարն է, և Շիրակի և Լոռու մարզերի բուժաշխատողների հետ հանդիպումն ակնհայտորեն դիտարկվում է՝ որպես նախընտրական քարոզարշավ, ինչն «Ընտրական օրենսգրքի» խախտում է:

168.am-ի տեղեկություններով՝ Առողջապահության նախարարության այս հանդիպումը միակը չի լինելու, ու նա պլանավորում է այցելել տարբեր մարզեր նախընտրական քարոզարշավի տրամաբանության շրջանակներում:

Ի դեպ, մեզ ասացին, որ այս այցերին մասնակցում են նաև փոխնախարարները: Այսինքն՝ «ՔՊ» նախընտրական ցուցակի 15-րդ համար առողջապահության նախարարը առանց արձակուրդ վերցնելու, վարչական ռեսուրսի ներգրավմամբ, կոնկրետ քարոզարշավ է իրականացնում՝ անունը դնելով մարզային հանդիպում բուժաշխատողների հետ, հրապարակում է անում այդ մասին, անցել է 17 ժամ, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի արձագանքում սրան:

 

Տեսանյութեր

Լրահոս