3 սուտ են տարածում «Լուսավոր Հայաստանի» մասին. Անի Սամսոնյան
Այսօր՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 6-րդ օրը, Երևանում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավորի թեկնածու Անի Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց հասել են տեղեկություններ, թե իրենց կուսակցության մասին լուրեր են տարածում, որոնք կեղծ են:
«Կան քաղաքական ուժեր, կան մարդիկ, որոնք հատուկ շրջում են և մարդկանց հետ անհատական զրույցներում փոխանցում են 3 սուտ «Լուսավոր Հայաստանի» մասին: Սուտ 1. ասում են՝ «Լուսավոր Հայաստանին» ձայն չտաք, որովհետև «Լուսավոր Հայաստանը» ընտրական շեմը չի հաղթահարելու, սուտ 2. ասում են՝ «Լուսավոր Հայաստանին» ձայն չտաք, որովհետև «Լուսավոր Հայաստանը» օգնելու է, աջակցելու է ներկա իշխանության վերարտադրմանը, սուտ 3. այն շրջանակներում, որտեղ դեմ են Ռոբերտ Քոչարյանին, ասում են, որ «Լուսավոր Հայաստանը» նպաստելու է նախկինների վերադարձին: Այս 3 սուտը փաստում է այն մասին, որ «Լուսավոր Հայաստանի» համերաշխության և միասնության օրակարգը հասանելի է դառնում բոլորին, մարդկանց համար սա ընկալելի է և ընդունելի է, բնականաբար, դրական տրամադրվածություն կա մեր ուժի նկատմամբ, դա, կարծես թե, սպառնալիք է ստեղծում մյուս ուժերի համար, որոնք միմյանց հայհոյում են, վիրավորում են»,-ասաց Սամսոնյանը:
ԱԺ պատգամավորի թեկնածուի խոսքով կա ևս մեկ ազդակ, որ իրենք արդեն լուրջ մրցակից են դառնում որոշ ուժերի համար:
«Մարդիկ չեն ալարում, բարձրանում են, մեծ ավտոճանապարհներին բարձր կախած մեր պաստառները դիտավորյալ վնասում են: Այսօր մեր այն պաստառը, որտեղ մեր առաջին տասնյակի նկարներն են, հատուկ վնասել են, և վնասել են հենց Էդմոն Մարուքյանի նկարը»: