«Ես ավելի շատ երկրի ղեկավար եմ ուզում ընտրել, ոչ թե անհատ». Բերդի դպրոցի տնօրենը՝ Փաշինյանի այցի մասին
Հայաստանում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հունիսի 7-ից էլ մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի 5-րդ օրն ուղևորվել է Տավուշի մարզ, և այսօր էլ նրան ուղեկցում են մեծ թվով ավտոմեքենաներ, որոնք նաև իր հետ հանդիպման մասնակիցների քանակն են ապահովում: Փաշինյանի քարոզարշավին ներգրավված են նաև մեծ թվով ոստիկաններ, կարմիր բերետավորներ, ինչպես նաև դիպուկահարներ:
Ժամը 13:00-ին Փաշինյանը Բերդ քաղաքում էր: 168.am-ը ֆիքսեց, որ, ինչպես մյուս համայնքներում, այնպես էլ այստեղ մեծ թվով դպրոցականներ և ուսուցիչներ էին ներկա:
Աշակերտներից մի տղա մեզ ասաց, որ մի քանի դպրոցներից կան ուսուցիչներ, իսկ հետո ցույց տվեցին Բերդ քաղաքի թիվ 3 դպրոցի տնօրենին.
«Ընկեր Ներսիսյանն է, 3-րդ դպրոցի տնօրենը»:
168.am-ը դպրոցի տնօրեն Արև Ներսիսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված Փաշինյանի քարոզարշավին մասնակցելը, արդյոք պարտադրանք չի՞ եղել.
«Մեր դպրոցում այդպիսի բան չի եղել, մեր կոլեկտիվը պատրաստ է մասնակցել բոլոր հանդիպումներին, որպեսզի կարողանանք ավելի ճիշտ կողմնորոշվել… Եթե գան այլ թեկնածուներ, նրանց հետ նույնպես կարող ենք հանդիպել»:
Ինչ վերաբերում է աշակերտների՝ քարոզարշավին ներկա լինելուն, դպրոցի տնօրենն ասաց.
«Երեխաներն ուղղակի իրենց կամքով եկել են, բայց որևէ մեկը չի ասել երեխաներին, որ մասնակցեն, և վաղը պետք է ճշտեմ, թե ում շնորհիվ են նրանք եկել, որովհետև այդպիսի հայտարարություն չի եղել»:
Արև Ներսիսյանից հետաքրքրվեցինք, թե Փաշինյանի հետ հանդիպումից ի՞նչ տպավորություն ստացավ.
«Ես ավելի շատ երկրի ղեկավար եմ ուզում ընտրել, ոչ թե անհատ, և ուզում եմ, որ երկրի ապագան լավը լինի, ու որևէ մեկը քաղաքականացված չլինի: Ես ինքս որևէ կուսակցության չեմ պատկանում և չեմ պատրաստվում որևէ կուսակցության մեջ մտնել: Իմ կուսակցությունն իմ աշակերտներն են, իմ աշխատանքն է…»: