«Նիկոլ Փաշինյանը ոչ մի 63 տոկոս չի հավաքելու, ո՛չ ինքը, ո՛չ որևէ մեկը». Էդմոն Մարուքյան
Այսօր՝ նախընտրական քարոզարշավի 5-րդ օրը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, իրենց նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ իր մարզային այցերի ընթացքում քաղաքացիները դժգոհել են վարչապետի պաշտոնին հավակնողների, նրանց թիմակիցների բառապաշարից, հռետորաբանությունից:
«Եկեք անկեղծ խոսենք, մեզ ասում են՝ ժողովրդին դա է դուր գալիս, ժողովրդին դուր է գալիս իրար հայհոյելը, ես հարցնում եմ՝ բայց ո՞նց կարող է ժողովրդին դա դուր գալ: Հետսովետական երկրներում բարձրագույն կրթություն ունեցող ամենաշատ քաղաքացին ունի Հայաստանը: Ո՞նց կարող է նման ժողովրդին դուր գալ երկրի ներկա, նախկին ղեկավարների, այլ գործիչների, երկրի ղեկավարի պաշտոնին հավակնող մարդկանց իրար հայհոյելը: Երեկ դրանում համոզվեցի, մարդիկ գյուղում, որ նայում ես՝ ոնց որ աշխարհի ծայրը լինի, սարերի վրա կանգնած խոսում ենք, և մարդն ասում է՝ այ ձեր ցավը տանեմ, ո՞նց կարելի է՝ գործող և նախկին ղեկավարները նման բառապաշար օգտագործեն, ասում է, որ «արա»-ով են իրար դիմում, արդեն մի քիչ ուրախանում ենք, ասում ենք՝ լավ է, այսօր իրար «արա»-ով դիմեցին: Ակնհայտ է, որ մարդիկ զզված են այս վիճակից»,- ասաց Մարուքյանը:
ԼՀԿ ղեկավարի խոսքով՝ կա նաև մարդկանց փոքր խումբ, որը «վրեժի ծարավ» է, ուզում են, որ մեկը գա, մյուսից վրեժ լուծի, սակայն այդ փոքր խմբերը չեն կարող ազդել ընտրության արդյունքների վրա:
«Երկրի վիճակն այնպիսին է, որ ճոխություն է հիմա իրար ատելը, իրար ոչնչացնելու պլաններ մշակելը, պլան է պետք մշակել՝ ո՞նց թուրքերին հանել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից, բանակը ո՞նց վերականգնել, տնտեսությունը վերականգնել»,- ասաց Մարուքյանը:
Նա նշեց, որ իրենք ուզում են հասնել նրան, որ որևէ ուժ չունենա 50+1 տոկոս ձայն, այսինքն՝ չկազմի մեծամասնություն խորհրդարանում: Լրագրողի հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե իրենք ավելի քան 60 տոկոս ձայն են ստանալու, Մարուքյանը պատասխանեց.
«Չեն հավաքելու, ժողովուրդ ջան, ոչ մի 63 տոկոս չի հավաքելու ո՛չ ինքը, ո՛չ որևէ մեկը… ոչ ոք 50+1 չի հավաքելու, ինչո՞ւ եմ ասում, որովհետև որ ուժը 51 տոկոս հավաքեց, էն մյուս ուժն ասելու է՝ կեղծվել են ընտրությունները, ժողովրդին հանելու է՝ բերի հրապարակ, երկրում ցնցումներ են սկսվելու, թուրքերն էլ, ժամացույցին նայելով, սպասում են, թե ե՞րբ է դա լինելու»:
Հարցին, թե այդ դեպքում ո՞ւմ հետ են պատրաստվում կոալիցիա կազմել, եթե անցնեն խորհրդարան, ԼՀԿ ղեկավարը պատասխանեց, որ ի սկզբանե ասել են՝ որևէ ուժի առանձին վերցրած չեն միանալու, որ այդ ուժը չգա «մյուսներին ոչնչացնելու», իսկ եթե իրենց «համերաշխության» օրակարգը հաղթի, ապա այդ կոալիցիայի կարիքը չի էլ լինի:
«Եթե այս օրակարգը հաղթում է, ապա հունիսի 21-ից ընդդիմություն չենք ունենալու, կարելի է մի 3 տարի չունենալ ընդդիմություն, ընդդիմություն պետք է ունենալ նորմալ պայմաններում, իսկ այն պայմաններում, որ երկիրդ գրավելով գալիս են, գրավելով գալիս են, այդ պայմաններում ընդդիմությունը պետք է նաև իր ներդրումն ունենա երկրի կառավարման մեջ, կարող է 3, 4, 5 տարի լինել ազգային համաձայնության, միասնության կառավարություն, որը երկիրն այս վիճակից կհանի»,- ասաց Մարուքյանը: