«Ադրբեջան պետության իշխանությունները զրոյական հանդուրժողականություն ունեն առհասարակ աշխարհի բոլոր հայերի նկատմամբ». Նոբել Առուստամյան

Հայազգի ծագմամբ ռուսաստանցի հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը Եվրո-2020-ին հավատարմագրվելու՝ Բաքվի դրած արգելքի վերաբերյալ պարզաբանում է տարածել իր ֆեյսբուքյան էջում: Վերջինս նախ նշել է, որ չէր ուզում գովազդվել այս պատմության հաշվին, բայց քանի որ արդեն իրավիճակը հանգուցալուծում է ստացել, ու ինքը հավատարմագրվել է, իսկ գործընկերներն էլ մեկնաբանություն են խնդրում, որոշ բաներ կբացահայտի:

«Պարզ է, որ ամեն դեպքում չէի պլանավորել այս ամառ Բաքու մեկնել: Ադրբեջանում ինձ չեն սպասում, ինձ այնտեղ ուրախ չեն տեսնել, ինչպես և վաղուց ուրախ չեն տեսնել առհասարակ որևէ հայի: Ես ծնունդով Բաքվից եմ, այնտեղ են ծնվել նաև իմ ծնողները, այնտեղ է թաղված իմ պապիկը, այնտեղից է իմ ողջ ընտանիքը: Մենք բոլորս ստիպված ենք եղել այնտեղից հեռանալ 80-ականների վերջում»,- գրել է Նոբել Առուստամյանը՝ հավելելով, որ Եվրո 2020-ի ժամանակ ցանկացել է աշխատել այլ քաղաքներում, իսկ Ադրբեջանի արգելափակումը սպասելի էր, ու ինքն այն անգամ հեգնախառն ժպիտով է ընդունել:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղ իր այցելությանը, որն իրեն հիշեցրել է Ադրբեջանն ու տեղական ֆուտբոլի ֆեդերացիան, ֆուտբոլային մեկնաբանը նշել է, որ այո, եղել է այնտեղ ու բացեիբաց խոսում է այդ մասին:

«Դա իմ նախնիների, մասնավորապես՝ պապիս հայրենիքն է, ում ազգանունը ես կրում եմ: Այնտեղ են իմ արմատները, և ես չեմ ամաչում դրանից: Եվ դա ինձ համար երբեք խնդիր չի եղել»,- գրել է Նոբել Առուստամյանը:

Վերջինս նշել է, որ Ղարաբաղյան կոնֆլիկտն իր համար ցավոտ թեմա է, և ինքը միշտ էլ դրա խաղաղ կարգավորման կողմնակիցն է եղել, իսկ անցած աշնանը Ադրբեջանի կողմից սկսված ագրեսիայի մեծ ալիքը մեծ ողբերգություն էր:

«Ես Ղարաբաղ միայն խաղաղ նպատակներով եմ այցելել: Մասնակցել ու կազմակերպել եմ այնտեղ մանկական ֆուտբոլային մրցաշար: Գիտեմ՝ արդեն 30 տարի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ապրում է պատերազմի ամենօրյա սպասումով: Այդ մրցաշարը, հնարավոր է, տեղացի երեխաների համար ամենավառ իրադարձությունն է: Հպարտ եմ, որ կապ եմ ունեցել դրա հետ»,- ասել է Նոբել Առուստամյանը:

Նրա խոսքով՝ պատերազմից հետո մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանը շարունակ հայտարարում է, որ պետք է ապրել խաղաղ, բայց միևնույն ժամանակ՝ շարունակում է պահել ավելի քան 200 հայ գերիների՝ չնայած պատերազմի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածություններին:

«Եվ սա մանրուք չէ ընդհանուր ֆոնին, բայց ամեն դեպքում օրինակ է, թե ինչքան մանրախնդիր է Ադրբեջանը ռուսաստանցի մի լրագրողի նկատմամբ, ով նախ՝ ֆուտբոլ է լուսաբանում, և երկրորդ՝ չէր պլանավորում մեկնել Բաքու»,- ասել է ֆուտբոլային մեկնաբանը:

Նոբել Առուստամյանը պնդում է՝ Ադրբեջան պետության իշխանությունները զրոյական հանդուրժողականություն ունեն առհասարակ աշխարհի բոլոր հայերի նկատմամբ: Նշել է, որ կարող է հարյուրավոր օրինակներ բերել, երբ ¼ մասով հայկական արյուն ունեցող, այլ երկրի անձնագիրը ձեռքներին անձինք չեն կարողացել մտնել Ադրբեջան միայն իրենց հայկական ազգանվան պատճառով:

«Եվրո 2020-ը և առհասարակ սպորտը պետք է ժողովուրդներին մտերմացնեն, աշխարհն ավելի ընկերական դարձնեն: ՈւԵՖԱ-ն միշտ խոսում է իր արժեքների մասին, մարդկանց նկատմամբ հարգանքի մասին՝ անկախ իրենց ազգությունից: Ցավալի է միայն, որ կան պետություններ, ովքեր այդ արժեքները չեն ընդունում»,- նշել է Նոբել Առուստամյանը:

Հիշեցնենք, որ Նոբել Առուստամյանի հավատարմագրման հետ կապված հարցը լուծվեց հօգուտ ֆուտբոլային մեկնաբանի:

«Մարզական լուսաբանող Նոբել Առուստամյանին հավատարմագրեցին Եվրոպայի առաջնությանը: Հրաշալի է: Շնորհակալություն, ՈւԵՖԱ»,- այս մասին գրել էր Ռուսաստանի արտգործնախարարի խոսնակ Մարիա Զախարովան:

Տեսանյութեր

Լրահոս