«Մարդիկ պարապ չեն, որ քարոզարշավի ընթացքում անընդհատ գան հանրահավաքների». Անի Սամսոնյանը՝ քարոզարշավի իրենց ձևաչափի մասին
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 4-րդ օրն է: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավի երևանյան մասն այսօր կանցկացնի Արաբկիր վարչական շրջանում: Մինչ քարոզարշավի այսօրվա միջոցառման մեկնարկը, լրագրողի հարցին, թե որոնք են ընտրողներին ներկայացվող կուսակցության ամենակարևոր ծրագրային դրույթները, ԼՀԿ անդամ, ԱԺ պատգամավորության թեկնածու Գևորգ Գորգիսյանն այսպես պատասխանեց.
«Ծրագրային դրույթներն այսօր այդքան էլ չեն հետաքրքրում մեր քաղաքացիներին, որովհետև քարոզարշավի ինտենսիվությունն այնքան է աճել, ատելության խոսքն այնքան է շատացել, որ այսօր մեր ամենակարևոր ուղերձը համերաշխությունն է, առանց համերաշխության իմ ասած որևէ ծրագիր չենք կարողանալու կյանքի կոչել, որովհետև եթե մենք շարունակենք ռեսուրսները միմյանց դեմ ուղղել, միմյանց ոչնչացնելու վրա, որևէ ծրագիր կյանքի չի կոչվելու, և հակառակը, այն, ինչ ունենք, դա էլ է ինչ-որ պահի վերանալու»,- ասաց Գորգիսյանը:
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ԼՀԿ-ն հանրահավաքային քարոզարշավ չի իրականացնում, մտավախություն ունե՞ն, որ շատ մարդ չի հավաքվի, ԼՀԿ անդամ, ԱԺ պատգամավորության թեկնածու Անի Սամսոնյանը պատասխանեց.
«Մենք նայում ենք մարդկանց նյարդերին ու ժամանակին: Մարդիկ պարապ չեն, որ քարոզարշավի ընթացքում անընդհատ գան հանրահավաքների որևէ քաղաքական գործչի, կամ քաղաքական ուժի հետ, մեր ընտրողները զբաղված մարդիկ են, այն մարդիկ են, ովքեր իրենց աշխատանքային առօրյայով ծանրաբեռնված են, չենք փորձում այնպիսի ձևաչափեր ընտրել, որ մարդկանց անհանգստացնենք: Քարոզարշավային այս ձևաչափով մենք կարողանում ենք գնալ բակեր, ավելի շատ մարդկանց տեսնել, մեծ հավաքներն ավելի փոքր մասշտաբ է, քան այն, որը մենք այս ձևաչափով ընտրել ենք: Մենք բակից բակ գնալով՝ ավելի շատ ենք կարողանում հասցնել մեր ուղերձը մեր ընտրողներին, քան հանրահավաքներ անելով, և իհարկե, խնայում ենք մարդկանց ժամանակը, հո մարդիկ պարա՞պ չեն»:
Սամսոնյանը նաև նշեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք հանրահավաքներ են անում, հավաքում են իրենց աջակիցներին, ստեղծում են իրենց համար հարմարավետ գոտի քարոզարշավ անելու համար, իսկ ԼՀԿ-ի հարմարավետության գոտին ամբողջ Հայաստանն է: