«Կարեկցել ու աջակցել պետք է 200 պատանդներին, ովքեր մինչ օրս ապօրինաբար պահվում են Բաքվում, գերության մեջ…». Նիկոլայ Պետրոսյանը՝ Նոբել Առուստամյանին հավատարմագրելու՝ Բաքվի մերժման մասին

Օրեր անց կմեկնարկի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը՝ ԵՎՐՈ 2020-ը, որը հետաձգվել էր Քովիդով պայմանավորված: Այն կկայանա Եվրոպայի 12 քաղաքներում, այդ թվում՝ Բաքվում:

Այս պահին լրագրողների հավատարմագրման գործընթացն է ընթանում:

Матч ТВ-ի լրագրող Նոբել Առուստամյանի հավատարմագրումը մերժել է պաշտոնական Բաքուն։

Ըստ կանոնակարգի՝ հավատարմագրումը կհաստատվի միայն այն ժամանակ, եթե բոլոր երկրներում գրանցված կազմկոմիտեները  հավատարմագրությունները հաստատեն։ Առուստամյանը, ով ծնունդով հենց Բաքվից է, չի ստացել միայն ադրբեջանական կողմի հավատարմագրումը։ Թեման մեծ աղմուկ է բարձրացրել ռուսական մամուլում:

Այս թեմային անդրադարձել է նաև հայտնի մեկնաբան Վասիլի Ուտկինը.

«Եթե աշխարհում կա անասնական անարդարություն, ապա ահա այն։ Նոբել Առուստամյանը փաստացի չի աշխատի ԵՎՐՈ 2020-ի ժամանակ։ Նա հավատարմագրված չէ։ Նոբելը հավատարմագրված չէ։ Թույլտվություն պետք է տան բոլոր երկրների՝ բոլոր կազմկոմիտեները։ Բաքուն արգելափակել է Նոբելին, ով ծնունդով Բաքվից է։

Ի՞նչ է սա, եթե ոչ՝ մարդու իրավունքների խախտում։ Նա չի կարող զբաղվել իր մասնագիտությամբ, զուտ ազգության պատճառով։ Բաքվում՝ ԵՎՐՈ-ի կազմկոմիտե՝ ընդունեք իմ սառցե արհամարհանքը»,- գրել է Ուտկինն իր սոցցանցային էջերում:

Այսօր ֆեյսբուքյան իր էջում Նոբել Առուստամյանի հավատարմագրման մերժմանն անդրադարձել է նաև ռուսաստանաբնակ հայազգի ճանաչված մարզական գործիչ, նախկինում հայտնի սպորտային մեկնաբան Նիկոլայ Պետրոսյանը:

«Կարծես թե Նոբել Առուստամյանի՝ Եվրո-2020-ը լուսաբանելու համար հավատարմագրման մերժման հետ կապված իրավիճակում որևէ մեկի խիզախությունը չի ներում իրերն անվանել իրենց անուններով: Դե լավ, դա ես կանեմ»,- իր գրառումն այսպես է սկսել Նիկոլայ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ այդ որոշումը ոչ մի ընդհանուր բան չունի ոչ քաղաքականության, ոչ էլ ֆուտբոլի հետ:

«Դա կոնկրետ լրագրողի պրոֆեսիոնալ մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունքից զրկում չէ, այլ ազգային խտրականության դրսևորում (մերժում կստանար հայկական ծագում ունեցող ցանկացած լրագրող): Վետո դնելով՝ Բաքվի կազմկոմիտեն ավելորդ անգամ հաստատեց հայաֆոբիայի քաղաքականությունը, որն Ադրբեջանում աջակցվում է պետական մակարդակով»,- գրել է մարզական մենեջերը: Նիկոլայ Պետրոսյանը նշել է, որ Նոբել Առուստամյանի՝ որպես ընկերոջ, պրոֆեսիոնալի ու հայրենակցի նկատմամբ իր ունեցած ողջ հարգանքով հանդերձ՝ ծանրակշիռ պատճառներ չի տեսնում նրան աջակցելու համար:

«Կարեկցել ու աջակցել պետք է 200 պատանդներին, ովքեր մինչ օրս ապօրինաբար պահվում են Բաքվում, գերության մեջ, ինչպես նաև օկուպացված Արցախի տասնյակ-հազարավոր հայերին, ովքեր ապրում են Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարների նշանառության տակ: Այն գինը, որը նրանք ստիպված վճարում են իրենց ազգային պատկանելության համար, անհամեմատ բարձր է, քան ֆուտբոլային մրցաշարին հավատարմագրումը»,- եզրափակել է Նիկոլայ Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս