«Հայաստանը քո երկիրն է, մի՛ թող այն ուրիշներին։ Պատի՛վ ունեմ»․ Թեհմինա Վարդանյան

«Հայաստանի Հանրապետության ապագան բացառապես պայմանավորված է ազգային, պետական մտածելակերպով օժտված քաղաքացու հանգամանքով, այդ քաղաքացուն  մենք կորցրել ենք վերջին 3 տարիների ընթացքում»,- այսօր մեկնարկած  «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց  դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը, ապա հավելեց, որ փոխարենը ձեռք ենք բերել 3 միլիոն վարչապետ։

«Գիտեք, ազգային, պետական մտածելակերպ ունեցող քաղաքացին պարզապես ծառերի վրա չի աճում, այն կերտվում է մանկությունից, ձևավորվում դպրոցում և բովանդակային արժեք է ստանում հասարակական համընդհանուր ընկալման մեջ։ Մեր դպրոցներում այլևս չեն քարոզվելու այնպիսի արժեքներ, որոնք դեմ են հայի ինքնությանը, հայոց եկեղեցուն, հայ մշակույթին ու արժեքներին։ Պետության ապագան հայ երիտասարդն է, երիտասարդն այսօր Հայաստանում պետք է երաշխավորված լինի բարձրագույն և որակյալ կրթությամբ և արժանապատիվ աշխատանքով։ Երիտասարդը պետք է կարողանա ձեռք բերել մատչելի բնակարան, ինչո՞ւ ոչ, նաև պետության օժանդակությամբ։ Մենք պետք է ստեղծենք հավասար հնարավորություններ բոլոր երիտասարդների համար՝ սկսած մայրաքաղաքից մինչև հեռավոր մարզեր։ Ուշադրության կենտրոնում ենք պահելու ևս մեկ անտեսված ոլորտ, որը վերջին տարիներին չի ստանում համարժեք պետական ֆինանսավորում՝ սպորտի ոլորտը․․․ Հայաստանը քո երկիրն է, մի՛ թող այն ուրիշներին։ Պատի՛վ ունեմ»,- խոսքն ամփոփեց դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս