«Սա Հյուսիսային Կորեան չէ, միջնադարը չէ, ստրկատիրական Եգիպտոսը չէ, Նիկոլն էլ փարավոն չէ մեր գլխին». Երվանդ Վարոսյան

Այսօր առավոտվանից վարչական ռեսուրսի տոտալ չարաշահմամբ Արմավիրի մարզում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանի օրն անամպ չանցավ:

Օրենքի խախտմամբ, առանց արձակուրդ վերցնելու աշխատանքային ժամերին վարչապետի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող անձի քարոզարշավը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թուրք, հողատու» և նմանատիպ այլ վանկարկումներով:

Դրանց հեղինակներին փորձում էին լռեցնել Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները և ոստիկանները:

Ոստիկանությունից 168.am-ի հետ զրույցում տեղեկացրին, որ նրանցից մեկին ՀՀ Քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի կասկածանքի շրջանակում բերման են ենթարկել, ապա դատախազությունը գործը՝ նյութերով, փոխանցել է Քննչական կոմիտեին:

Հիշեցնենք, որ նշված հոդվածի հանցակազմը քարոզարշավին խոչընդոտելն է, շատ թարմ հոդված մեր Քրեական օրենսգրքում, որն իմքայլականները հասկանալի նախանձախնդրությամբ ընդունեցին բոլորովին վերջերս:

168.am-ը փաստաբան Երվանդ Վարոսյանն հարցրեց՝ արդյոք այդ վանկարկումները քարոզարշավին խոչընդոտո՞ւմ էին, թե՞ կարծիքի արտահայտում:

«Ակնհայտ է, որ ոստիկանությունը կամ քաղաքացիական հագուստով այլ անհասկանալի անձինք մարդկանց նկատմամբ բռնություն են գործադրում այն բանի համար, որ նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ վարչապետի պաշտոնակատարի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի: Ու սա փորձ է արվում ներկայացնել իբրև քրեորեն պատժելի արարք, այն է՝ քարոզարշավին խոչընդոտելը»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ այստեղից պարզ է դառնում, որ մի քանի օր առաջ, հասկանալով, որ իրեն ամեն տեղ դիմավորելու են արդար բողոքով, իրեն կոչելու են դավաճան, հողատու և կապիտուլյանտ, Նիկոլ Փաշինյանը փորձեց սրա դեմն ինչ-որ կերպ առնել:

«Քրեական օրենսգրքում փոփոխություններ արեցին և նոր հոդված մոգոնեցին՝ քարոզարշավին ցանկացած կերպ խոչընդոտելը: Ի՞նչ ասել է դա: Այդ հոդվածն ինքն իրենից քրեական պատասխանատվության ենթարկելու համար պիտանի նորմ չի ներկայացնում, որովհետև չունի իրավական որոշակիություն: Քաղաքացու համար հասկանալի չէ՝ կոնկրետ ո՞ր արարքն է քրեորեն պատժելի: Այդ ընդհանրական նշումը՝ խոչընդոտել քարոզարշավին, ով ոնց ասես կարող է հասկանալ: Հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանի նման անշնորհք թրաշով մեկը հայտնվի այդ քարոզարշավի վայրում, ու ինչ-որ մեկը դա որակի՝ որպես քարոզարշավին խոչընդոտել, ասի, եղբայր, դու մեր վարչապետի նման անշնորհք ձևի ես անթրաշ, ոնց որ թե դու ուզում ես խոչընդոտել նրա քարոզարշավը»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Փաստաբանն այս ցանկն ավելացնում է՝ նշելով, որ մեկը կարող է աչքով տալ, մյուսը՝ հոնքը բարձրացնել, և ոստիկանները բռնեն ու տանեն նրան:

«Նախ Քրեական օրենսգրքում պետք է պարզ բացատրված լինի, թե ինչ է իրենից ներկայացնում քարոզարշավին խոչընդոտելը, և ինչ հետևանքների կարող է հանգեցնել այն: Առնվազն ակնհայտ է, որ առհասարակ որևէ հանրորեն վտանգավոր հետևանք պիտի ունենա ցանկացած արարք, որը քրեորեն պատժելի է համարվում այս կամ այն կերպ: Այսինքն՝ Փաշինյանը պետք է զրկվի քարոզարշավ անելու հնարավորությունից: Անգամ եթե անորոշ, ինչպես նշված է, այդպես դիտարկենք, «խոչընդոտել» բառն ինքնին ենթադրվում է, որ այդ գործողություններն այնպիսին պետք է լինեն, որ քարոզարշավ իրականացնողը չկարողանա կամ դժվարանա դա անել: Հիմա եթե ինչ-որ մեկն իր կարծիքն է արտահայտում, կներեք, սա Հյուսիսային Կորեան չէ, սա միջնադարը չէ, ստրկատիրական Եգիպտոսը չէ, Նիկոլ Փաշինյանն էլ փարավոն չէ մեր գլխին»,- տարակուսում է Երվանդ Վարոսյանը:

Ըստ նրա՝ նման իրավական անգրագիտություն և տգիտություն կարող էր տեղի ունենալ միայն Փաշինյանի նմանի իշխանության օրոք:

«Բայց ինքը փոշմանելու է, որ հիմա էլ փորձում է իրեն դիկտատորի տեղ դնել: Իրենից լուրջ կերպարներ չեն կարողացել դիկտատոր լինել, ուր մնաց՝ այս տգետը: Տգետ դիկտատոր չի լինում: Ու ինքը դեռ տաք է, չի հասկանում՝ ինչ է տեղի ունենում»,- ասաց փաստաբանը:

Հարցին, թե կարծում է՝ հետագայում նաև սրա՞ համար պատասխանատվության մեխանիզմներ պետք է լինեն, Երվանդ Վարոսյանը պատասխանեց, որ մեր պետության ապագայի համար կարևոր է, որ այդ ամեն ինչն արժանանա իրավական պատշաճ գնահատականի:

«Դա երկրին է պետք: Ինքը կա, չկա, արդեն միևնույն է: Ինքը գոյություն չունի՝ որպես քաղաքական կերպար, ինքն արդեն հետաքրքիր չէ: Այստեղ կարևոր է մեր պետության ապագան: Բոլոր հանցագործություններին պետք է տրվի պատշաճ իրավական գնահատական»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Հարցրինք նաև, թե առջևում 11 օր էլ դեռ կա, և կկարողանա՞ արդյոք այս 149.1 հոդվածի հատկանիշներն օգտագործել՝ իր համար բարենպաստ քարոզարշավային ֆոն ու արդյունք ապահովելու համար Նիկոլ Փաշինյանը:

«Ոչինչ էլ չի կարողանա անել Նիկոլ Փաշինյանը: Ընդամենը մի բան է կարողանալու անել՝ հաջողությամբ իջեցնել օր օրի տապալվող իր քոսոտ ռեյտինգը: Թող ինչ ուզում է անի, թող ոստիկաններով, սրա-նրա անվտանգության աշխատակիցներով, մարդկանց ծեծելով՝ քարոզարշավ անի: Դա ոչինչ չի նշանակելու: Այս ամենով ինքը նպաստելու է նրան, որ եթե դեռ Հայաստանում կան մարդիկ, ովքեր «կույր» են ու չեն տեսնում՝ ինչ է կատարվում երկրում, ի վերջո, կհասկանան, թե ինչ տիպի մարդու հետ գործ ունենք առհասարակ»,- եզրափակեց Երվանդ Վարոսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս