««Պատիվ ունեմ» դաշինքում լավ գիտեն ներքին ու արտաքին թշնամուն չեզոքացնելու ձևերը»․ Արթուր Վանեցյան

Այսօր մեկնարկեց նաև «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավը։ «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն իր ելույթում նշեց, որ այսօր մեկնարկում է Հայաստանի պատմության մեջ ամենաանհասկանալի և տարօրինակ ընտրությունների քարոզարշավը։

«Կործանման եզրին կանգնած Հայաստանը պետք է մի կողմից՝ դիմակայի ներքին և արտաքին թշնամիներին, մյուս կողմից՝ փորձի համատարած քաոսի, հուսալքության մեջ ընտրություն կատարի Հայաստանի լինել կամ չլինելու մեջ։ Խավարի դեմ պայքարում ընտրի լույսը, ծնկած վիճակից ոտքի կանգնելու, մեջքը ուղղելու, գործի անցնելու և ապրելու ճանապարհը, միակ ճի՛շտ ճանապարհը։ Բարդ է, իրոք շատ բարդ։ Այսօրվանից մեր ժողովրդին կներկայանան տարբեր քաղաքական թիմեր, գործիչներ, իսկ հաճախ գործիքներ՝ բութ և անհայրենիք, ուրիշների ձեռքին սեփական ժողովրդի դեմ օգտագործվող անբարո մահակներ»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Նա ցավով նշեց, որ այսօր խախտված են ոչ միայն մեր պետության սահմանները, այլև մարդկային տարրական բարոյականությունը, ինչն անվտագության տեսանկյունից լրջագույն խնդիր է․

«Քանի որ բարոյականության սահմանախախտին ոչինչ չի խանգարում պատեհ պահին հատել նաև պետական սահմանը և անցնել թշնամու կողմը։ Պետք է ուղիղ ասեմ, այսօր մեր հանրապետությունում կան իրենց Հայաստանի քաղաքացի համարող ստահակները, որոնք բացահայտ և անկաշկանդ քարոզում են մեր հազարավոր զավակներին սպանած, մեր հայրենիքի մի հատվածը բռնազավթած, մեր բնակավայրեր ներխուժած և զինվորներ գերեվարած թշնամու թեզերը։

Վանեցյանի խոսքով՝ «Պատիվ ունեմ» դաշինքում լավ գիտեն ներքին և արտաքին անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման ձևերը, գիտեն՝ ինչպես վարվել նման իրավիճակներում, և, որ վստահ կարող են դրանք չեզոքացնել։ Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին, Արթուր Վանեցյանն ասաց․

«Այս 14 օրվա ընթացքում մեր երկրում լինելու է կեղծիքի, սին խոստումների, մեծամտության մի գարշելի շքահանդես։ Որպես ԱԱԾ գեներալ՝ խոստովանեմ, որ նրանցից շատերի ուղնուծուծը գիտեմ, գիտեմ նրանց բարոյական, իսկ ավելի ճիշտ է ասել՝ անբարոյական նկարագիրը»։

Արթուր Վանեցյանը կետ առ կետ նշեց, թե ինչու հունիսի 20-ին անհրաժեշտ է քվեարկել հենց «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին.

«Վստահեք մեզ, որովհետև մենք ուժեղ ենք, արդարամիտ և խոհեմ։ Վստահե՛ք, եթե ուզում եք ազատել մեր երկիրը չարի լծից և վերականգնել արդարությունը և արժանապատվությունը։ Վստահե՛ք մեզ, եթե հոգնել եք նախկին, ներկա, սև–սպիտակ, աջլիկ–ձախլիկ և հազարումի անհեթեթ ու կործանարար բաժանումներից, որովհետև մեր դաշինքը ստեղծվել է 2018 թվականին չգնահատված, իսկ հիմա հանրային ափսոսանքի կիզակետ Սերժ Սարգսյանի և սրանց կեղծավորությունն ու անհայրենիքությունը մի քիչ ուշացումով, բայց այնուամենայնիվ բացահայտած ձեր խոնարհ ծառայի միասնությամբ։ Վստահե՛ք մեզ, եթե կարծում եք, որ երկիրը կարող են փրկել միաժամանակ գիտակ ու հմուտ, թարմ ու էներգիայով լեցուն մարդիկ, որովհետև մեր դաշինքում են փորձառու, ազգային արժեքներին հավատարիմ Հանրապետականը, որն ունի լավագույն պոտենցիալը, և նորաստեղծ «Հայրենիք»-ը, որն իր շուրջ հավաքել է հայաստանակենտրոն, պետականության բարձր գիտակցումով նոր սերուցքի զգալի մասը։ Վստահե՛ք մեզ, եթե երազում եք կրկին ունենալ ապահով Հայաստան, որովհետև մենք կբերենք խաղաղություն, կանխատեսելիություն և զարգացում, կապիտուլյանտների պատճառով՝ մահ, արյուն և նսեմացումներ տեսած մեր երկրին։ Վստահե՛ք մեզ, եթե ուզում եք, որ ձեր երեխաներն ու թոռները չհարցնեն՝ պա՛պ, բա ո՞նց եղավ, որ էսպես եղավ, այլ հպարտանան ձեզանով»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս