«Հանրության մեջ կան «նիկոլաշիզիկներ», որ այս բոլորը տեսնելուց հետո փորձում են Նիկոլին ձայն տալ». Պարույր Հայրիկյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ասաց, որ թշնամին մշտապես փորձում է մեզ պահել վախի և ընկճախտի մթնոլորտում, այս պարագայում կարևոր է իշխանության արձագանքը:

«Եթե անունը հակառակորդ է, ուրեմն այն ամենը, ինչ նա անում է, քեզ նեղ կացության մեջ դնելու համար է, բայց «մեր» իշխանությունների՝ համարժեք պատասխանների, նույնիսկ քաղաքական արձագանքների, դիվանագիտական գործողությունների բացակայությունը վկայում է, որ սա բխում է «մեր» իշխանությունների ոչ միայն կողմնորոշումից, այլև ռազմավարությունից: Նրանք բոլոր ստրկամիտներին բնորոշ գործելակերպով փորձում են մշտապես ահաբեկչական վիճակում պահել հայ ժողովրդին: Ուշադրություն դարձրեք՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր ստացած լուրերը ծանր, տհաճ, հոգեբանորեն ընկճող լուրեր են, այսինքն՝ որևէ հակառակորդ պատերազմում է ոչ միայն զենքով, հետախուզությամբ, քարոզչությամբ, այլև ընկճախտի մթնոլորտ ձևավորելու միջոցով, դա հակառակորդի դիրքն է, բայց երբ մեր իշխանությունները համարժեք արձագանք թույլ չեն տալիս, հոխորտում են քնձռոտ աքլորի պես իրենց քաղաքացիների նկատմամբ, բայց դրսից հնչած ուղղակի մարտահրավերներին արժանապատիվ, էլ չեմ ասում՝ իրենց էդ կեղտոտ «դուխով» չեն պատասխանում: Ի վերջո, միջազգային հարթության վրա դու ամբիոն ունես, քեզ դեռևս լսողներ կան, այս ամենը «մեր» իշխանությունների կողմից  արվում է այն նպատակով, «մեր»-ը չակերտների մեջ եմ ասում, նրանք ոչ մերն են, ոչ ձերը, նրանք չգիտեմ՝ ումն են, փորձում են մշտական ընկճախտի վիճակում պահել մեզ և ենթարկում են դրա համար ծանր հոգեբանական ահաբեկչության, տեռորի»,- ասաց Հայրիկյանը:

Նա նշեց, որ «Ազատ հայրենիք» դաշինքը նպատակ ունի կոտրել այն կարծրատիպը, թե ընտրությունը «նախկինների» և Նիկոլ Փաշինյանի միջև է: Լրագրողի նկատառմանը, թե կա կարծիք, որ փոքր դաշինքներն ընդամենը ձայներ խլելու համար են և չունեն բավականաչափ ազդեցություն, Հայրիկյանը հակադարձեց.

«Երբեք թույլ չտաք մինչև ընտրությունները որևէ կուսակցության մասին ասել, որ նա «փոքր ուժ» է, որովհետև Նիկոլ Փաշինյանից փոքր ուժ հայաստանյան քաղաքական կյանքում չկար, ուզում եմ ասել, որ պետք չէ մարդկանց լավատեսությունը կոտրել»:

Հայրիկյանը նշեց, որ կանխատեսումներ անել չի սիրում, սակայն կարծում է, որ, եթե Նիկոլ Փաշինյանն իր թիմով հայտնվի խորհրդարանում, ապա իր թիմակիցները փախչելու են իրենց իսկ կառույցից: Անդրադառնալով վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի երեկվա ֆեյսբուքյան գրառմանը, թե իրենք որևէ տեղ չեն փախչելու, ԱԻՄ առաջնորդն ասաց.

«Չէ, չէ, ի՞նչ փախչել, բանտերում տեղեր կան, փախչելը կարևոր չէ, ես ողջունում եմ իրենց «հայրենասիրական» մոտեցումը»:

Պարույր Հայրիկյանն  անդրադարձավ նաև Արտաքին գործերի նախարարի հրաժարականին և ասաց, որ Փաշինյանի իշխանությունից հեռանում են անգամ իր նշանակած մարդիկ:

«Մարդիկ, որ ունեին մի փոքր բարոյական արժեքներ, ասացին՝ այս տականքի հետ մենք աշխատել չենք կարող, ոչ միայն ասացին, որ չենք կարող աշխատել այս դավաճանի, ազգադավի հետ, այլ ասացին՝ առհասարակ չենք ուզում իր հետ առնչվել, և ի՞նչ կատարվեց, հայկական պետության գրեթե կեսը ներկայացնող գերատեսչությունն այլևս չկա, փոշիացված է, որովհետև ինքը, լինելով վարչապետի պաշտոնը բռնազավթած հանցագործ, ինքը բռնազավթել է, չի ընտրվել, չէ՞, եղել է քվեարկություն, և ինքը չի ընտրվել, թե ինչ խաղեր ես տալիս, ինձ չի հետաքրքրում, եղել է քվեարկություն, չես ընտրվել, բա որ չես ընտրվել, ո՞նց ես վարչապետի պաշտոնակատար աշխատում, էս հարցը որոշ իրավագետներ բարձրացրել են, բայց սա շատ հասարակ տրամաբանական հարց է, որովհետև ինքը տականք է, իշխանազավթ հանցագործ է, հասել է նրան, որ իր մեղքով հայկական պետությունը ոչնչանում է, եթե պետություն ես, պետք է ունենաս արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կառույց»:

Հայրիկյանը հիշեցրեց, որ պատերազմից առաջ Արցախյան հարցի բանակցությունների մասին Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «ինչ պետք է, էն էլ բանակցում ենք», իսկ այդ «բանակցածը» հանգեցրեց պատերազմի:

«Հանրությունը փոխանակ ասի՝ «այ սրիկա, սա՞ էր քո բանակցածը, որ հասանք պատերազմի, հետո այս կորուստներին, հանրության մեջ կան «նիկոլաշիզիկներ», որ այս բոլորը տեսնելուց հետո փորձում են Նիկոլին ձայն տալ»,- ասաց Հայրիկյանը:

Տեսանյութեր

Լրահոս