«Կառավարության ներսում կան շատ լուրջ ճգնաժամային երևույթներ». Բորիս Նավասարդյան
Այսօր «Ո՞ր արժանիքների համար են նշանակվում պաշտոնի և ի՞նչ պատճառով են պաշտոնանկ արվում. հասարակությունն անտեղյակ է» թեմայով քննարկման ժամանակ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, անդրադառնալով Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի ներկայացրած պաշտոնից հեռանալու պատճառաբանությանը, ասաց, թե դիվանագետն ավելին ասել չէր կարող:
«Կարծում եմ, որ ավելի բաց բացատրություն ակնկալելը միամտություն կլիներ, մենք շատ լավ հասկանում ենք, որ Արտաքին գործերի նախարարի նման պաշտոնյան չի կարող անել հայտարարություններ, որոնք կարող են վնաս հասցնել երկրի անվտանգությանը, և հրաժարականի պատճառն ավելի մանրամասն ներկայացնելն իրոք կարող էր վտանգավոր լինել պետականության համար, այն էլ, ինչ հնչել է, արդեն բավականին շատ է: Ես ոչ այնքան հրաժարականների հիմնավորման խնդիր եմ տեսնում, այլ առաջին հերթին՝ երկրի կառավարելիության և կառավարման արդյունավետության խնդիր: Այստեղ մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ կառավարության ներսում կառավարության ղեկավար և այլ պաշտոնյաներ հարաբերություններում կան շատ լուրջ ճգնաժամային երևույթներ: Ակնհայտորեն չկա անհրաժեշտ հաղորդակցություն, ակնհայտորեն չկա աշխատանքների անհրաժեշտ համակարգում, և սա է բերում նրան, որ կարող են ձևավորվել հակասություններ, եթե այս կամ այն պաշտոնյան սկզբունքային է և պատկերացնում է իր առաքելությունը, կամ ուղղակի աշխատանքի բացակայություն, եթե չունենալով անհրաժեշտ հաղորդակցություն՝ ուղղակի մեկուսանում է երկրի կառավարման գործընթացից, այդպիսի օրինակներ մենք ևս ունենք»,- ասաց Նավասարդյանը:
Նա նշեց, որ մեկ այլ խնդիր է, թե ինչպես են գնահատվում այն պաշտոնյաները, որոնք մնում են այս կառավարության կազմում:
«Խնդիրը ոչ թե հրաժարականների պատճառաբանումն է, այլ՝ ինչո՞ւ են մնում և ինչպե՞ս են գնահատվում կառավարության այն անդամները, որոնք մինչև այսօր աշխատում են: Եթե մենք վերլուծենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը և տեսնենք, թե կառավարության անդամները ո՞ր տեղերում են գտնվում, այսինքն՝ բարձր տեղում գտնվելը նշանակում է՝ նաև բարձր գնահատական տվյալ անձի գործունեությանը տվյալ պաշտոնում, այդ առումով մենք տեսնում ենք, որ նախարարներից ամենաբարձր տեղում Սուրեն Պապիկյանն է:
Եթե ես իմ տեսակետից գնահատեմ իր աշխատանքները, ապա նա ձախողել է իր ամենակարևոր գործը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումները, այսինքն՝ մենք ոչ թե չունենք բարեփոխումներ այս տարիների ընթացքում, այլ ունենք ակնհայտ հետընթաց, եթե չասենք, որ ընդհանրապես տեղական ինքակառավարման համակարգի մահ, ավարտ, դա նշանակում է, որ տվյալ պաշտոնյայի աշխատանքի գնահատականը հիմնականում կապված է իր դերի հետ՝ ներկուսակցական հարաբերություններում, որը ներկուսակցական խնդիր է, բայց պետության խնդիրը չէ, միգուցե շրջապատում հարգված լինելու, բայց դա մեր համաքաղաքացիների մեծամասնության համար որևէ փաստարկ չի կարող լինել և որևէ հիմք չի կարող լինել աշխատանքը բարձր գնահատելու համար:
Ես հատուկ բաց եմ թողնում ճանապարհների ասֆալատապատման աշխատանքը, քանի որ այստեղ արդյունավետությունը կարող էր ապահովել աշխղեկի պրորաբի մակարդակի գործողություններով: Այսինքն՝ բացառապես դա նախարարի աշխատանքի գնահատականի հիմք չի կարող լինել»,- ասաց Նավասարդյանը: