«Բարդակ է, անտերություն, անիշխանություն է տիրում երկրում». Բագրատ Եսայան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով մեկը մյուսին հաջորդող աղմկահարույց սպանություններին, ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը հիշեցրեց, որ նույն իրավիճակին ականատես են եղել 1990-ականներին:
«Նման երևույթները լինում են այն ժամանակ, երբ իշխանությունը գտնվում է ծայրաստիճան թուլացած վիճակում, նույն վիճակին էինք ականատես 1996-97թթ.-երին, երբ նախագահական ընտրությունները կեղծելու արդյունքում կտրուկ թուլացավ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը, և մինչև 97 թ.-ի վերջը սպանություններ, բանդաներ և այլն: Նույն վիճակում է հիմա Նիկոլ Փաշինյան կոչվող անձնավորության իշխանությունը, փաստացի գոյություն չունեն իրավապահ կառույցները, նրանք աշխատում են մեկ ուղղությամբ՝ այդ անձի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- ասաց Եսայանը:
Նա նշեց, որ ընդդիմության ակցիաների ժամանակ բերվում էին անգամ ոստիկաններ, որոնք կապ չունեն հասարակական կարգի պահպանման հետ, օրինակ՝ ոստիկանության կապի ծառայության սպաներ: Բագրատ Եսայանը նկատեց, որ բացի աղմկահարույց սպանություններից, ոստիկանությունը պարեկային ծառայություն չի իրականացնում, բարվոք չէ նաև երթևեկության վիճակը:
«Բարդակ է, անտերություն, անիշխանություն է տիրում երկրում, և սա ես շատ բնական եմ համարում»,- ասաց ՀՅԴ անդամը:
Նա հույս հայտնեց, որ այս իշխանության ճգնաժամն էլ հունիսի 20-ին կհանգուցալուծվի այնպես, ինչպես Տեր-Պետրոսյանի իշխանության դեպքում:
«Նախընտրական շրջանի տրամաբանությունը հենց դա է, որ ձնահյուսի տրամաբանությամբ սկսվում է՝ մի փոքր ձնագնդին դառնում է մեծ ձնահյուս, նույն ձևով անկում է ապրում Նիկոլ Փաշինյանի կարծեցյալ հեղինակությունը մեր երկրում»:
Բագրատ Եսայանի պնդմամբ՝ հանրությունը բնավորություն ունի հավատալու դավադրությունների տեսություններին, օրինակ, որ մարդիկ փախել են դիրքերից, կամ թալանվել է բանակի բյուջեն:
«Ասում են՝ գիտե՞ք՝ 30 տարի է՝ հանձնել էին հողերը, բայց չգիտես ինչու, հանձնելուց հետո 30 տարի Ալիևը չէր ուզում էդ հողերը, հանկարծ «խեղճ Նիկոլը» եկավ, ու ուզեց, հա՞: Հետո էդ իմիջը «խեղճ Նիկոլի», Նիկոլը հեչ խեղճ չի, ժողովուրդ, Նիկոլը հրեշ է և պատրաստ է բոլորին, ժողովրդական լեզվով ասած, «փուռը տալ», անգամ իր ամենամոտիկ գործակիցներին, բայց ինքն այնքան խելացի է, որ վերջին պահին կա՛մ փախնելու է երկրից, կա՛մ ինչ-որ երաշխիքներ է ստանալու»,- ասաց Բագրատ Եսայանը և հիշեցրեց, որ վենդետա չի լինելու, բայց արդարադատություն լինելու է:
ՀՅԴ անդամի կարծիքով՝ ամեն օր մի նոր սարսափելի լուր լսելով, օրինակ՝ մի օր թշնամին մտել է մեր երկրի սուվերեն տարածք, մեկ այլ օր՝ գերի է վերցրել մեր հայրենակիցներին մեր երկրի տարածքից, «հասարակությունն անընդհատ գտնվում է հոգեկան երկրաշարժի վիճակում», այդ էր պատճառը, որ «Հայրենիքի փրկության շարժումն» առաջարկում էր ընտրությունների գնալ գոնե մեկ տարի հետո:
«Նիկոլ Փաշինյանը, հոգեկան անհավասարակշիռ անձնավորություն լինելով, շատ լավ հասկանում է, որ չպետք է թույլ տալ իր դեռևս մնացած աջակիցների փոքր զանգվածին գալ հոգեբանական կայուն վիճակի, որովհետև հենց գան հոգեբանական կայուն վիճակի, էդ մարդկանց աչքերը բացվելու են և տեսնեն, տոտալիտար աղանդների պես բան է, իրենք դարձել են քաղաքական բնույթի տոտալիտար աղանդ»,- ասաց Եսայանը:
Լրագրողի հարցին ի պատասխան՝ ՀՅԴ անդամն ասաց, որ չի հավատում Լևոն Տեր-Պետրոսյանի անկեղծությանը, որը վերջին շրջանում դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության և անձամբ Փաշինյանի ընդդիմախոսը:
«Նախ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը գաղափարական քաղաքական գործիչ է և «լևոնիզմի» կամ արևմտյան արժեքների հավատացող: Հավատացող, որ մենք այս տարածաշրջանում, հեզ վարքագիծ դրսևորելով, կարող ենք խաղաղ գոյատևել թուրք-ադրբեջանական ագրեսիվ միջավայրում՝ հավատալով ժողովրդավարության և մարդու իրավունքների այն լոզունգին, որ Արևմուտքն անընդհատ մեջտեղ է շպրտում, բայց Արևմուտքը բացարձակ այդ լոզունգների հետևորդը չէ: «Լևոնիզմի» արժանի ժառանգորդն է «նիկոլիզմը», Նիկոլն արեց այն, ինչ ասել էր Տեր-Պետրոսյանը, «լևոնիզմի» գաղափարական հետևորդն է եղել 90-ականներից, հիմա ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը սենց սահմանազատվելու հարց դրեց, որ ասի՝ այո, թերուս է, անտաղանդ է, ապաշնորհ է, բայց Նիկոլն է, մի անձ է դա, որպեսզի «լևոնիզմը» և «նիկոլիզմը» մնան՝ որպես գաղափարախոսություններ, նա նաև շատ լավ հասկանում է, որ մյուս բևեռը՝ ազգային բևեռը, արդեն համախմբվելու խնդիրն իր առջև դրել է, հստակ հասկանում է, որ եթե «նիկոլիզմը», «լևոնիզմը» չհեռացվեն Հայաստանի իշխանությունից, մենք ուղղակի որպես ազգ, որպես անկախ պետություն՝ գոյատևելու որևէ հնարավորությունից զրկված ենք լինելու, դրա համար նա փորձեց իր քայլով ճեղքեր մտցնել ազգային բևեռի ձևավորման մեջ»,- ասաց Եսայանը: